«Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Սերժ Սարգսյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը:
Մինչ նիստի սկսվելը դատարանի բակում էին հավաքվել Սերժ Սարգսյանի աջակիցները, ՀՀԿ-ական գործիչներ, նախկին պատգամավորներ:
Դատական նիստը սկսվելուց քիչ առաջ դատարանի բակ ժամանեց Սերժ Սարգսյանն ու խոսքով դիմեց բակում հավաքված իր աջակիցներին:
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը: Խնդրում եմ՝ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու: Շատ-շատ շնորհակալ եմ:
Հաշվի առնելով իրոք եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին:
Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը: Այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր: Շատ-շատ շնորհակալ եմ: Ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ: Շնորհակալ եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում