«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թիվ 52 դպրոցում կրքերը չեն հանդարտվում

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այսօր Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցում էին: Երեկ ուսուցչական անձնակազմը ահազանգել էր, որ արդեն մեկ ամիս է, ինչ խաթարված է նորմալ դասապրոցեսը:

Պատճառն այն է, որ երեկ 5-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը ամբողջ դասարանի առաջ հարվածել էր Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն, սակայն  այս պատմությունն ավելի վաղ է սկսվել:

Ուսուցչական անձնակազմը պնդում է, որ երեխան երկար ժամանակ բացակայել է դասերից, այդ պատճառով մնացել է նույն դասարանում և շարունակում է բացակայել:

Մեզ հետ զրույցում Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հայկավարդ Դավթյանը պատմեց, որ մի առիթով երեխայի մորն ուղղակի ասել է, որ երեխային բերի դասերին, ինչից հետո իր և ծնողի հարաբերությունները լարվել են, ամեն ինչ հասել է նրան, որ ծնողները դիմել են Քաղաքապետարան և Ոստիկանություն՝ ուսուցչուհու հեռացման պահանջով:

Երեխայի հայրը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ուսուցչուհին իրենց երեխային հարվածել է, ինչի մասին երեխան է իրենց պատմել, ապա որոշ ժամանակ անց ժխտել է իր ասածները: Հայրը պնդում է, որ, ամենայն հավանականությամբ, երեխային համոզել են, որ ժխտի իր ասածը:

Դպրոցի տնօրեն Նարինե Շառյանը լրագրողների  հետ զրույցում պատմեց, որ ամեն ջանք գործադրել են այդ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն չի ստացվել: Հայկավարդ Դավթյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, պատրաստվում է  գնալ մինչև վերջ:

Քիչ առաջ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դեպքի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Առավոտյան այցելեցի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսևորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան:

Երկար զրույց ունեցա նախ՝ երեխայի հոր հետ, նրան հարցրեցի տեղի ունեցածի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հայրն ըստ էության չի հաստատում, որ երեխայի նկատմամբ դպրոցում դեկտեմբերին տեղի է ունեցել բռնություն, ինչը կարող էր երեկվա միջադեպի պատճառ լինել: Հոր պատմելով՝ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները ևս հետաքննություն են արել, և բռնության փաստը չի հաստատվել:

Զրուցեցի նաև դպրոցի տնօրինության և նախօրեին ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ: Ցանկացած պարագայում համարում եմ, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը, և առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է:

Անկախ տհաճ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաև երեխայի կայուն հոգեբանական վիճակը և բնականոն ուսման պրոցեսը: Առաջարկել եմ ծնողին՝ երեխային տեղափոխել այլ դասարան: Մնացած հարցերի պատասխանները, կարծում եմ, կտան իրավապահները»:

Տեսանյութեր

Լրահոս