Բաժիններ՝

«Իրանի հետ սահմանի փակման հետ կապված՝ կարող ենք խնդիրներ ունենալ». Սերգեյ Բագրատյան

«Երկու շաբաթը  բավականին երկար տևողություն է, որպեսզի մենք կարողանանք մեր կենսապահովման խնդիրները լուծել սահմանի հետ կապված, որովհետև, ի վերջո, հսկայական այլընտրանքային վառելիքային էներգակիր համակարգը և ամենօրյա սննդի մի մասը ներկրվում է Իրանից կամ նրա միջոցով: Այս իմաստով մենք կորուստներ կունենանք, այլ խնդիր է, որ այն տնտեսվարողները, որոնք կայուն աշխատում են Իրանի հետ, ասեն՝ որոշակի պաշարներ ունե՞ն իրենց պահեստներում, թե՞ ոչ,  և փնտրեն այլընտրանքային ճանապարհներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ ճանապարհների առումուվ Հայաստանն այլընտրանք չունի, բացի Լարսից, որն այս պահին գերծանրաբեռնված է:

«Տարիներ շարունակ ասում ենք, որ պետք է գտնել Լարսին այլընտրանքային ճանապարհ, եթե մենք լաստանավի ճանապարհն արագ չենք լուծում, ապա այսպիսի խնդիրներ հաճախակի են լինելու, հատկապես, երբ Իրանը հաճախ է տնտեսական սանկցիաների ենթարկվում, մենք շատ արագ պետք է լուծենք այլընտրանքային ճանապարհի խնդիրը, այլապես կունենանք լուրջ խնդիրներ»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի լաստանավերի ձեռքբերման գործին, որպեսզի լաստանավով և երկաթուղով հնարավոր լինի ապրանք հասցնել Հայաստան՝ առանց Լարսի ճանապարհի:

«Իրանի հետ սահմանի փակման հետ կապված՝ կարող ենք խնդիրներ ունենալ՝ սննդի, շինանյութի, վառելանյութի և այլ ապրանքների հետ կապված: Հուսանք՝ Ռուսաստանից ներկրված ապրանքների անհրաժեշտ քանակ ունենք: Կորոնավիրուսի հետ կապված՝ հնարավոր չէր միջոցներ չձեռնարկել, քանի որ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է: Կախված այն հանգամանքից, թե որքան կտևի այս իրավիճակը, ըստ այդմ էլ պետք է որոշեն և փակ պահեն սահմանը»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս