Առողջապահության նախարարությունը կիրառում է վարչական լծակ, ազատում է աշխատանքից և սպառնում. Գևորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կարողանում է պատվով դուրս գալ, թեև ձեռնարկվող քայլերը պետք է շատ ավելի վաղ իրականացվեին, և ոչ թե՝ սպասեին, որ վտանգը գար-հասներ մեր հարևան Իրան և Վրաստան: Այդուհանդերձ, նախարարության աշխատանքն այս հարցում գնահատում եմ բավարար։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կոնսիլիում» հասարակական կազմակերպության հիմնադիր Գևորգ Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ անբավարար գնահատելով նախարարության վարած քաղաքականությունը մի շարք բուժկենտրոնների օպտիմալացման հարցում։

«2018 թվականին մարդիկ եկան խոստումներով և ասացին՝ ամեն ինչը ժողովրդի կամքով է լինելու, սակայն առողջապահության ոլորտում տեսնում ենք, որ ամեն ինչը չէ, որ ժողովրդի կամքով է կատարվում, մասնավորապես, ծննդատների փակումն ու «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի միավորումը «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ին։ Ի տարբերություն ծննդկանների, որոնք հղիության հարցով կաշկանդված չեն, «ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոն»-ի շահառուները կաշկանդված են և չեն ցանկանում, որ մարդիկ իմանան, որ իրենք հանդիսանում են ՄԻԱՎ վարակակիր։ «ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոն»-ն այլ կլինիկական հիվանդանոցի միացնելու հարցի վերաբերյալ քննարկում եղել է միայն «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության մոտ 20 շահառուների հետ։ Նշեմ, որ այդ կենտրոնի նախկին տնօրենը եղել է նախարար Արսեն Թորոսյանը։ Այս կարևոր հարցի վերաբերյալ քննարկում չի եղել շահառուների գերակշռող մեծամասնության, մասնագետների, միավորվող կենտրոնի աշխատակիցների հետ, բայց չէ՞ որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցներն առաջամարտիկներ են այդ վարակի դեմ պայքարի հարցում, և բացառապես այդ կենտրոնի շնորհիվ է, որ մենք այսօր մորից երեխային անցնող ՄԻԱՎ-ի դեպքեր չունենք»,- ասաց Գրիգորյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ նման կարևոր բժշկական կենտրոնի միավորումը մեկ այլ կենտրոնի փաստում է մի շատ պարզ բան՝ նախարարը ցանկանում է պարզապես փոխել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի տնօրենին։

«Խնդիրն այդ կենտրոնի տնօրենի մեջ է։ Նախարարը ցանկանում էր տնօրեն փոխել, իսկ այս պարագայում, քանի որ գործող տնօրենին, որը մրցույթով հաղթել և 5 տարով ամրագրել է իր տեղը, չէր կարող հանել, ուստի գնաց միավորելու ճանապարհով։ Ի դեպ, տնօրեն փոխվեց նաև Կոտայքի մարզի ք. Եղվարդի ծննդատանը. այնտեղ նշանակվեց նախարարի մարդը, և այդ ծննդատունը կշարունակի գործել»,- ասաց Գրիգորյանը։

Նա քաղաքական առևտրի արդյունք որակեց Եղվարդի ծննդատան գործունեությունը շարունակելու մասին որոշումը, որի կայացումից հետո այդ ծննդատունը հիմա էլ գործում է, իսկ փակման եզրին գտնվող Մարալիկի և Աչաջրի ծննդատները չփակելու և դրանք ժամանակակից բուժտեխնիկայով հագեցնելու համար դրամահավաք է իրականացվում։

«Ծննդատան համար պատգամավորը դրամահավաք իրականացրեց, խոսքը պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի մասին է, որի կազմակերպած դրամահավաքի արդյունքում 1 միլիոն դրամով գնվեց այդ ծննդատներից մեկի համար անհրաժեշտ երկու մոնիտորը, իսկ Առողջապահության նախարարությունը պարգևավճարների համար գումար ունի»,- ասաց Գրիգորյանը՝ անդարդառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ստացած՝ 14.8 մլն դրամ, փոխնախարարների ստացած՝ 9 մլն 371 հազար դրամ և 9 մլն 672 հազար դրամ պարգևավճարներին։

«Խնդիրն այստեղ այն չէ, որ նախարարությունը փող չունի ծննդատների համար, բայց պարգևավճարների համար ունի, այլ այն, որ, ասենք թե, Եղվարդի ծննդատան տնօրենին փոխեցին, ու այն կշարունակի գործել, Մարալիկի և Աչաջրի ծննդատներն էլ դրամահավաքի հետևանքով կուենան նոր սարքավորումներ, իսկ ի՞նչ է լինելու այն բժշկական կենտրոնների ճակատագիրը, որտեղ նախընտրում են լռել և խնդիրների վերաբերյալ աղմուկ չբարձրացնել»,- ասաց նա՝ շեշտելով,- Այսօր, առավել քան երբևէ, Առողջապահության նախարարությունը կիրառում է վարչական լծակ, աշխատանքից է ազատում, սպառնում է, և այլն. իսկ բժիշկներից շատերը, որոնք չեն պատկերացնում իրենց աշխատանքն իրենց աշխատավայրից դուրս. հանդուրժում և լռում են, սակայն նրանց համբերությունը երկաթյա չէ, և մի օր նրանց պայքարն ինտենսիվանալու է»։

«Կոնսիլիում» հասարակական կազմակերպության հիմնադիրը պնդեց, որ առողջապահության ոլորտում հաստատվել է բռնապետություն, ինչին չեն արձագանքում իրավապահ մարմինները, ու թեև ակնկալվում էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը, երբ հրապարակված ձայնագրությունից հետո պարզ դարձավ, որ քաղաքապետարանից մատ են թափ տալիս բժշկի վրա, արձագանք, սակայն, չեղավ։ Սրան զուգահեռ՝ լուռ են նաև մյուս իրավապաշտպանները։

«Եթե մենք չենք ապրում երկակի ստանդարտներով, ապա պետք է արձագանք լինի, և կապ չունի, թե իշխանությունն ով է. ես, օրինակ, երբեք չեմ տարանջատել Արսեն Թորոսյանին Լևոն Ալթունյանից, քանի որ նրանք նույն քաղաքական գիծն են առաջ տանում»,- ասաց Գրիգորյանը։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ նույն ինտենսիվությամբ չէր քննադատում ժամանակին նախկին առողջապահության նախարարներին, Գրիգորյանն ասաց. «Երբ ինձ ասում են՝ բա Սերժ Սարգսյանի ժամանակ ինչո՞ւ չէի խոսում, պետք է ասողներին հիշեցնեմ, որ, երբ Հայաստանի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ես այն ժամանակ հաճախում էի մանկապարտեզ, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ես ավարտում էի դպրոցը, երբ Սերժ Սարգսյանն էր՝ ես ստանում էի բարձրագույն կրթություն, անցնում պրակտիկա, ձեռք բերում գիտելիքներ, կյանքի, մարդկային շփման փորձ, որ այսօր ինձ իրավունք վերապահեմ քննադատել որևէ մեկին»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս