«Միանշանակ 50  եվրոյով Հռոմ գնալ և գալը հնարավորություն է». Ֆինանսների նախարարը՝ վարչապետի հայտարարության մասին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ պատգամավորների՝ «Պետական գնումների» մասին օրենսդրությունն ամբողջովին փոխելու վերաբերյալ առաջարկությունների չի հանդիպել:

«Սեղանին պետք է դրվեն այն առաջարկությունները կամ առաջարկությունների փաթեթը, որով ցույց կտան, թե կոնկրետ ինչն են ուզում փոխել: Այս պահին մենք նման առաջարկ չենք ստացել, շրջանառել ենք մի նախագիծ, որի վերաբերյալ ստացել ենք առաջարկներ հանրային ոլորտի ներկայացուցիչներից, պետական կառավարման մարմիններից, որն էլ կամփոփենք և կներկայացնենք քննարկման: Ճիշտ է, ամենևին էլ հակված չենք ասելու, որ «Պետական գնումների» մասին օրենքը կատարյալ է, և, որ այնտեղ որևէ բան պետք չէ փոխել, հակառակը՝ մենք փորձում ենք մեր ձեռքը պուլսի վրա պահել, որպեսզի արագ արձագանքենք այն ազդակներին, որոնք ստանում ենք արտաքին միջավայրից, և ըստ դրա՝ լավագույնը դարձնենք մեր գնումների համակարգը»,- նշեց Ա. Ջանջուղազյանը:

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով:

Թեմայի վերաբերյալ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Պետական գնումների» մասին օրենսդրությունը պետք է ամբողջովին փոխվի՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար:

Անդրադառնալով վարչապետի այն խոսքին, որ հեղափոխությունից հետո մարդկանց կյանքը բարելավվել է, քանի որ այսօր մարդիկ կարող են 50 եվրոյով գնալ Հռոմ և վերադառնալ, Ֆինանսների նախարարը նկատեց՝ մարդիկ, որոնք այս հայտարարության հետ կապված տարբեր կարծիքներ են հնչեցնում, շատ օրինաչափ է:

«Միանշանակ 50  եվրոյով Հռոմ գնալ և գալը հնարավորություն է, սա արդյո՞ք հնարավորություն է աշխարհընկալում, արժեքային համակարգի վերաբերյալ մտորումներ ունենալու, վերցնել այն, ինչը որ լավ է, համոզված եմ, որ սա հնարավորություն է»,- շեշտեց Ատոմ Ջանջուղազյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս