«Այս արատավոր պրակտիկան պետք է վերացնենք». Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ «Պետական գնումների մասին» օրենքն ամբողջովին պետք է փոխվի, քանի որ տարիներ շարունակ գնման գործընթացում տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ, և երկար ժամանակ հնարավոր չէր պայքարել դրա հետ կապված կոռուպցիոն դրևորումների դեմ, որովհետև միմյանց խիստ փոխկապակցված մարդիկ էին մասնակցում պետական գնումներին:

«Մասնավորապես՝ առանձին գերատեսչություններ, ունենալով իրենց նպատակահարմար տնտեսվարողներ, նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերում տնտեսվարողի հետ և ասում, որ նշված բոլոր չափանիշերին համապատասխան ապրանք ներկրեն, և մրցույթը կազմակերպում էին հենց այդ ապրանքների չափանիշերով: Այսինքն՝ ակնհայտ անհավասար պայմաններ էին ստեղծվում մյուս տնտեսվարողների համար և ստեղծվում էր այնպիսի իրավիճակ, որ գերիշխող դիրք գրավողները դառնում են մենաշնորհներ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Սերգեյ Բագրատյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով:
Ըստ Սերգեյ Բագրատյանի, եթե այսօր Հայաստանը պատրաստվում է իրականացնել տնտեսական հեղափոխություն, ապա առաջին հերթին պետք է ապահովի ազատ մրցակցային պայմաններ՝ հարկային և մաքսային օրենսդրական փոփոխությունների հետ միասին, պետք է կարգավորի նաև գնումների գործընթացը:

«Ես արդեն նշեցի մեկ անձից գնումներ կատարելու բազմաթիվ օրինակներ, որոնք շարունակվում են նաև այսօր, այս պատճառով օրենսդրությունն ամբողջովին պետք է փոխվի՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Այս արատավոր պրակտիկան պետք է վերացնենք, լղոզված ձևակերպումը, որ ժամանակի խնդիր ունեն, դրա համար են մեկ անձից գնում կատարում, պետք է վերացնել»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս