ԱԱՏՄ-ի 21 աշխատակցի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 21 աշխատողի նկատմամբ 9 դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել։
Կարգապահական տույժ է նշանակվել նրանցից 5-ի նկատմամբ, մի շարք քննություններ դեռ ընթացքի մեջ են։
Մասնավորապես, ոչ աշխատանքային օրը ծառայողական մեքենան շահագործելու հանգամանքները պարզելու ծառայողական քննության արդյունքում նշանակվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։
Մեկ դեպքում վարչական ակտի ընդունման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը խախտելու համար «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է կիրառվել 2 աշխատակցի նկատմամբ։
1 ծառայողական քննություն նշանակվել է վարչական վարույթի շրջանակներում տնտեսվարող մի սուբյեկտում սանիտարական կանոների և նորմերի խախտումներ արձանագրելու և հարուցված վարույթը հետագայում իրավախախտման բացակայության հիմքով կարճելու կապակցությամբ։ ԱԱՏՄ տարածքային կենտրոններից մեկի պետի և 2 աշխատակցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։
Ընթացքում են մի շարք ծառայողական քննություններ՝ ուսումնասիրելու որոշ աշխատողների կողմից աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները։