«Անբուժելի հիվանդություններ ունեցող մարդուն թույլ չեն տալիս մերձավորների միջոցների հաշվին արտերկրում բուժում ստանալ». Մանվել Գրիգորյանի փաստաբան
«Մանվել Գրիգորյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տիրույթում՝ անօրինական կալանքի և խոշտանգման փաստի հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը՝ հայտնելով, որ երեկ՝ փետրվարի 18-ին, ստացել են ՄԻԵԴ որոշումը, համաձայն որի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանի խափանում-կալանքը փոխվել է արդեն, առաջնայնությունը հանել են և գործը լսելու են սովորական ընթացակարգով:
Նրա փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանը շարունակում է ստացիոնար կարգով բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնում:
«Տևական ժամանակ լինելով հիվանդանոցային բուժման պրոցեսում՝ Մ.Գրիգորյանի հիվանդությունները, ըստ էության, սկսեցին բացասական դինամիկայով զարգանալ, ավելի են վատթարացել, ինչը փաստում է, որ հայաստանյան բժշկական կենտրոններն ի զորու չեն ոչ միայն բուժել, այլև վերականգնել վերջինի առողջությունը: Եվ այն, որ անբուժելի հիվանդություններ ունեցող մարդուն թույլ չեն տալիս մերձավորների միջոցների հաշվին արտերկրում բուժում ստանալ, կարող է դիտվել հաշվեհարդար, դաժան վերաբերմունք, խոշտանգում, որը, կարծում եմ՝ Հայաստանում չպետք է տեղի ունենա»,- նշեց Լևոն Բաղդասարյանը:
Փաստաբանական թիմի անդամի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանը երկար տարիներ բուժումը ստացել է Ֆրանսիայի կլինիկաներից մեկում:
168.am-ի հարցին՝ հնարավոր չէ՞, որպեսզի արտերկրից նրան բուժող բժիշկները գան Հայաստան, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց.
«Բժիշկներին հրավիրել հնարավոր է, բայց Հայաստանում համապատասխան տեխնիկական միջոցներն ու դեղամիջոցները բացակայում են, և առանց դրանց հնարավոր չէ ճիշտ ախտորոշել և բուժել: Շաբաթներ առաջ միջնորդություն ներկայացրեցինք դատարան, որպեսզի թույլատրվի արտերկիր տեղափոխել, սակայն մերժում ստացանք: Պատճառաբանությունն այն էր, որ միջնորդությունն անհիմն է»: