Սենատոր Սանդերսը ժողովրդականությամբ զգալիորեն առաջ է անցել դեմոկրատ-մրցակիցներից. հարցախույզ
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների աջակցության մակարդակով շատ հետ է թողել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի մնացած հավակնորդներին: Այդ մասին են վկայում հասարակական կարծիքի համազգային հարցման՝ փետրվարի 18-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել է NBC հեռուստաընկերության եւ The Wall Street Journal թերթի պատվերով։
Սանդերսի աջակցության մակարդակը կազմում է 27 տոկոս եւ անփոփոխ է մնում հունվարի վերջին կատարված նախորդ սոցիոլոգիական հետազոտության համեմատությամբ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ժողովրդականությունը, որը պարտություն է կրել փետրվարի 3-ին Այովայի նահանգում կուսակցական ակտիվիստների ժողովներում (քոկուսներում) եւ փետրվարի 11-ին Նյու Հեմփշիրի նահանգում սկզբնական ընտրություններում (փրայմերիզներում), կտրուկ իջել է 11 տոկոսային կետով՝ հասնելով 15 տոկոսի նշագծին:
Բայդենին հաջորդում են Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը (14 տոկոս), Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը (14 տոկոս), Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը (13 տոկոս) եւ Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը (7 տոկոս): Անցած օրացուցային ամսում նրանցից իրենց դիրքերն էականորեն ամրապնդել են Բլումբերգը, Բութեջաչը եւ Քլոբուշարը: Փետրվարի 14-ից մինչեւ 17-ը կատարված հեռախոսային հարցմանը մասնակցել է 900 մարդ գրանցված ընտրողների թվից: Սխալանքի հավանականությունը կազմում է 3,27 տոկոսային կետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: