
Երկու թեթևշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Ավստրալիայի հարավում

Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում երկու թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել վարժական թռիչքներ կատարելիս: Վթարի հետեւանքով զոհվել է չորս մարդ: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել է 9News պորտալը։
Պորտալի տվյալներով՝ ինքնաթիռները վարժական թռիչքների ընթացքում բախվել են Մանգալորից ոչ հեռու, որը գտնվում է Մելբուռնից 120 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Պատահարի մասին ազդանշանից հետո տեղական ժամանակով 11:30-ին (Երեւանի ժամանակով 04:30-ին) աղետի վայր են ժամանել ոստիկանության կարգախմբեր, փրկարարներ եւ բժիշկներ, սակայն անձնակազմերի անդամներին փրկել չի հաջողվել:
Վիկտորիայի նահանգի ոստիկանությունում նշել են, որ ինքնաթիռներից յուրաքանչյուրում վթարի պահին եղել է երկուական մարդ: Նրանք զոհվել են տեղում, եւ նրանց ինքնությունը պարզել առայժմ չի հաջողվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: