«Անհասկանալի է՝ ինչո՞ւ է վարչապետը խուսափում խոսել Բաքվի, Սումգայիթի կամ Գանձակի հայության ցեղասպանության մասին». Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի խոսքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, վարչապետ Փաշինյան իր էջում տեղադրեց մյունխենյան վեց սկզբունքները, որով փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև դնել նոր սկզբունքներ, որոնք ամբողջովին տարբերվում են մյուսներից։

Ինչ վերաբերում է քննարկման ժամանակ Ալիևի կողմից հիշատակած Խոջալուի դեպքերին և իբրև թե հայերի ձեռքով ադրբեջանցի կանանց և երեխաների սպանությանը, Մարիամ Ավագյանը նշեց, որ Ալիևը «ֆանտազիաների գիրկն էր ընկել, և այս հարցում կեղծիքն ահռելի չափերի է հասնում»։

«Սուտն ու կեղծիքը թրքական տրամաբանության հիմքն է, Ալիևը հիշատակում է 300 հազար փախստականի մասին, իսկ Ղարաբաղի «ադրբեջանական համայնք» կոչվածի ղեկավարը՝ 250 հազարի, հիմա նրանք նույնիսկ իրար մեջ այս հարցը չեն համաձայնեցրել։ Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վարչապետ Փաշինյանը հստակ նշեց, որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը տվել է վկայություն, որ այն Ադրբեջանի ընդդիմություն է արել։ Ինքս այդպես չէի ասի, այլ կասեի, որ Մութալիբովը թարմ և անկաշառ տպավորությունների տակ վկայել է այդ ամենը, բացի այդ, ադրբեջանցի լրագրողը, որը սպանվեց այդ վկայությունից անմիջապես հետո»,- շեշտեց Մարիամ Ավագյանը։

Ըստ նրա, Փաշինյանի հայտնած տեսակետներում խոսք չի հնչել տարածքներ վերադարձնելու մասին, ինչպես անում էին նախորդ բանակցողները, սակայն անհասկանալի է, թե ինչու է վարչապետը շարունակաբար խուսափում խոսել Բաքվի, Սումգայիթի կամ Գանձակի հայության ցեղասպանության մասին։

«Երեկ ես նայում էի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Լիսաբոնում 1996 թվականին ունեցած ելույթը. նա ասում էր, որ հայության գլխին կախված է ցեղասպանության սպառնալիք, ինչո՞ւ այդ ցեղասպանություն բառը դուրս եկավ շրջանառությունից։ Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկնում է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անվտանգության գոտի հասկացությունը և անվտանգության երաշխիք հասկացողությունը։ Վարչապետն ասում է, որ սա անվտանգության հարց է, տարածքների հարց չէ, շեշտում եմ՝ սա տարածքների հարց է։ Վարչապետը պետք է ցույց տա, որ Նախիջևանում հայ չկա, ցեղասպանության հետևանք է, երբ հայերին թույլ չտվեցին այնտեղ վերադառնալ, նման բան վարչապետը չի ասում»,- ընդգծեց նա։

Մարիամ Ավագյանի դիտարկմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ չկան Մադրիդյան սկզբունքներ, կան մյունխենյան սկզբունքներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են պանելային քննարկման՝ Արցախի հիմնահարցի հետ կապված։

Տեսանյութեր

Լրահոս