«Միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է». Տարասով

«Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային դեբատին: Տարասովը ենթադրել է, որ, եթե ներկայումս հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը ոտքի կկանգնեն:

«Եթե Ալիևը հասկանալի լեզվով խոսում է սեփական ժողովրդի հետ, որ իրենք պայքարում են տարածքային ամբողջականության պահպանման և Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում տեսնելու համար, որի դեպքում ցանկացած կարգավիճակ, ինքնավարություն կարող են տալ, ադրբեջանցիների համար հասկանալի է, թե ինչ է իրենց ղեկավարն իրականացնում: Այլ հարց է՝ դա դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, այդ դիրքորոշումը հասկանալի է:

Անհասկանալի է այն, թե ինչ նկատի ունի Փաշինյանը՝ խոսելով ադրբեջանական շահերի մասին: Ցանկանում եմ նշել, որ Փաշինյանին բաժին է ընկել չափազանց հարուստ ժառանգություն, նա ցանկանում է նախկին նախագահներին ազատազրկել, իսկ նախկիններից ոչ ոք որևէ շրջան չի հանձնել, նրանք պահպանել են ստատուս-քվոն: Իսկ միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է, ինչը խոսում է այն մասին, որ նա պատրաստ է գնալ պայմանավորվածությունների: Փաշինյանը խոսում է միկրոհեղափոխությունների միջոցով միմյանց մոտենալու մասին, Ալիևն այդ խաղը խաղում է, բայց հրապարակայնորեն այլ բան է ասում»,- ասել է նա:

«Այս ամենը ես հասկանում եմ հետևյալ կերպ, որ Փաշինյանը կուլիսային «տորգ» է իրականացնում՝ շրջանների հետ կապված: Սա հաստատ կարող եմ ասել, չեմ կարող ասել միայն այն, թե քանի շրջանի մասին է խոսքը՝ Ղարաբաղի կարգավիճակի փոխարեն»,- հավելել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս