
Բուրկինա-Ֆասոյում 24 մարդ է զոհվել եկեղեցու վրա զինյալների հարձակման հետևանքով

Անհայտ անձինք հարձակվել են Բուրկինա-Ֆասոյի հյուսիսի գյուղերից մեկի վրա՝ սպանելով 24 մարդու: Այդ մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Սախել Սալֆո Կաբորեն։
«Կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, ահաբեկիչների զինված խումբը ներխուժել է Փանսի բնակավայր եւ հարձակվել խաղաղ բնակիչների վրա… Նախնական տվյալներով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ քահանան»,-նահանգապետի հայտարարությունը մեջբերում է Coaci պորտալը:
Գրոհի հետեւանքով վերքեր է ստացել 18 մարդ, ոմանց առեւանգել են: Նահանգապետը նշել է, որ սպանդն սկսելուց առաջ հարձակվողները տեղի բնակիչներին առանձնացրել են եկվորներից:
Պորտալի տվյալներով՝ ելուզակները հարձակվել են Փանսիի բողոքական եկեղեցու վրա այն պահին, երբ այնտեղ ծխականներ էին հավաքվել կիրակնօրյա ծիսակատարության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: