Երեք օրում՝ 34 վթար. կա 1 զոհ. 49 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել
Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից փետրվարի 14-17-ը բացահայտվել է հանցագործության 127 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Մասնավորապես, մարմնական վնասվածք հասցնելու՝ 30, անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության` 16, ծեծի՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, յուրացման կամ վատնման՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, կաշառակերության և թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, խուլիգանության, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, հոգեմետ նյութեր փոխադրելու կանոններ խախտելու, խոշտանգման, սառը զենք կրելու, թաղման վայրերն անարգանքի ենթարկելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու 1-ական դեպք։
Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել` 6-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 49-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: