
Լիբիան օրական 60 մլն դոլար է կորցնում նավթային բռնարգելքի պատճառով. ԵՄ

Եվրոպայի նավթային բռնարգելքը թուլացնում է Լիբիայի տնտեսությունը, որն օրական 60 միլիոն դոլար է կորցնում ածխաջրածինները Եվրամիությանը վաճառելու անհնարինության պատճառով: Փետրվարի 17-ին այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Միության արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո։
«Նավթային բռնարգելքը թուլացնում է Լիբիայի տնտեսությունը, որն օրական 60 միլիոն դոլար է կորցնում ԵՄ-ին նավթ վաճառելու անհնարինության պատճառով: Եվրամիության ամբողջ օգնությունը, որը տրամադրվում է այդ երկրին, կազմում է 600 միլիոն եվրո, ինչը համարժեք է նավթի 10 օրվա վաճառքին»,- ասել է նա՝ նշելով, որ Լիբիայում «շատ, շատ վատ» իրավիճակ է ստեղծվել, իսկ հրադադարի շուրջը համաձայնությունն ամենուրեք խախտվում է: «Ես հենց նոր նամակ ստացա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեից, որում պարզաբանվում է, որ զինադադարը չի գործում, հրադադարի շուրջը համաձայնագիրն ամենուրեք խախտվում է, նույնը վերաբերում է նաեւ այդ երկրին զենքի մատակարարումների բռնարգելքին»,- իրազեկել է Բորելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: