
Disney-ը նկարահանելու է Գայ Ռիչիի «Ալադինի» սիքվելը. Variety

Disney ստուդիան նկարահանելու է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի սիքվելը, որն էկրաններին հայտնվել է անցյալ տարի: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:
Նրա աղբյուրների տվյալների համաձայն, կինոնկարի շարունակության մեջ ներկայացվելու է «միանգամայն նոր պատմություն», որը հիմնված չի լինի ավելի վաղ թողարկված անիմացիոն ժապավենների վրա:
Disney-ը գտնվում է սիքվելի արտադրության վաղ փուլում: Ստուդիան մտադիր է պահպանել գլխավոր դերակատարներին՝ Ուիլ Սմիթին, Նաոմի Սքոթին եւ Մենա Մասուդին: Որպես սցենարի հեղինակներ հանդես կգան Ջոշ Գեյնթիսը եւ Անդրեա Բեռլոֆը, իսկ ռեժիսորական աթոռին կարող է վերադառնալ Գայ Ռիչին:
«Ալադինը», որը 1992 թվականի համանուն մուլտֆիլմի կինոադապտացիան է, վարձույթ է մտել 2019 թվականի մայիսին եւ միջազգային վարձույթում վաստակել է ավելի քան 1 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: