«Ադրբեջանը տեղեկատվական հիմքեր է նախապատրաստում բանակցային ձևաչափը փոփոխել փորձելու համար»

«ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումների ընթացքում քննարկվում է նաև բանակցային ձևաչափի հարցը, որի վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով կարգավորման գործընթացին։

Հիշեցնենք, որ վերջին 2-3 ամիսների ընթացքում շատ ավելի հաճախակի ենք լսում, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության մասին։ Հատկապես ուշագրավ են տարածվող տեղեկությունները կազմակերպության ներկայացուցիչների և ԵԱՀԿ ներկայացուցիչների, ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրների դեսպանների և այլոց հետ հանդիպումների մասին, որոնք ժամանակ առ ժամանակ հերքվում են, կամ փոփոխվում են հանդիպումներից հետո դրանց բովանդակության վերաբերյալ տարածվող տեղեկությունները։

Վերջին նման տեղեկություններից էր Ժնևում Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ՝ այդ կազմակերպության ղեկավար Թուրալ Գյանջալիևի հանդիպումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի հետ։ Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանի փախստականների և տեղահանվածների կոմիտեի ղեկավար Ռովշան Ռզաևը հանդիպել էր ԵԱՀԿ դիտորդական բյուրոյի ղեկավարի հետ և ներկայացրել, որ տեղահանված անձինք մասնակցում են Ադրբեջանում ընտրությունների, բայց իբրև թե՝ ոչ իրենց ընտրատեղամասերում, այլ՝ հենց Ադրբեջանում ստեղծված ընտրատեղամասերում։ Այդ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքում Միլի մեջլիսում կհայտնվի Թուրալ Գյանջալիևը։ Վերջինիս և Անջեյ Կասպրչիկի հանդիպման վերաբերյալ ևս օրերս տեղեկություն տարածվեց։ Նախ Գյանջալիևի թվիթերյան էջում հրապարակվեց նման հանդիպման մասին տեղեկություն, ապա հեռացվեց և պարզաբանվեց, թե Կասպրչիկը շնորհավորել է նրան Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ դառնալու կապակցությամբ:

Նշենք նաև, որ Ժնևում կայացած երկօրյա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում նշված էր․ «Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»։ Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ»  արտահայտությունը միջազգայնորեն ընդունված  տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից, և այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին՝ սկսած 1992 թվականից: «Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման դիրքերից և Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ»։ Սակայն, ինչպես երևում է վերջին օրերի զարգացումներից և ադրբեջանական կողմի քայլերից, այդ սահմանման շրջանակում ադրբեջանական կողմը փորձում է սահուն կերպով տեղավորել նաև Գյանջալիևին, ով այլևս համարվում է, այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական համայնքի ընտրյալ՝ իր մոտավորապես 1500 քվեով։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր, թե ինչպես է միջազգային հանրությունը փորձում լեգիտիմացնել այս հասարակական կառույցի ներկայացուցիչներին։ Այս խնդրի վրա ուշադրություն են հրավիրում մի շարք այլ վերլուծաբաններ ևս։

Սյուզան Ստյուարտը նշեց, թե չի կարող ասել, թե հանդիպումների մասին տեղեկությունները, դրանց բովանդակության վերաբերյալ տարածվող տեղեկությունները որքանով են հավաստի։ Սակայն, ըստ նրա, կողմերից յուրաքանչյուրն իր համար ընդունելի ձևաչափի ուղղությամբ քայլեր կարող է ձեռնարկել, այդ թվում՝ ադրբեջանական կողմը՝ օգտագործելով բոլոր թե ներքին, թե արտաքին ռեսուրսները։

«Հակամարտող կողմերի միջև բանակցային գործընթացում ցանկացած զիջում ենթադրում է մեկ այլ զիջում, և յուրաքանչյուր կողմ, բնականաբար, կցանկանա ճիշտ օգտագործել այդ պատուհանը՝ քաղելով անհրաժեշտ օգուտներ դրանից։ Հասկանալի է, որ Ադրբեջանը կցանկանար, որպեսզի բանակցություններին՝ որպես Արցախի ընտրյալ ներկայացուցիչ, մասնակցեր նաև այդ կառույցից ներկայացուցիչ, և յուրաքանչյուր հնարավորություն օգտագործվում է այդ նպատակի ուղղությամբ։ Ներկայումս ստեղծվում է տեղեկատվական հիմք նման քննարկումների համար, կամ գուցե կան արդեն հանդիպումների ընթացքում խոսակցություններ այդ մասին, չգիտենք, բայց գործընթաց այս ուղղությամբ ընթանում է։ Կարծում եմ՝ ընթանում են քննարկումներ նաև հումանիտար նախաձեռնություններ իրականացնելու շուրջ, բայց քանի որ հայկական կողմը նշել է, որ Արցախի փոխարեն իրավասու չէ վարել լուրջ բանակցություններ, և գուցե Ադրբեջանը փորձում է համաձայնել դրան իր պայմանով։ Իսկ թե ինչի կհասցնի այս գործընթացը, քանի որ այն կրելու է կոնֆիդենցիալ բնույթ, չենք կարողանա իմանալ շատ ավելի շուտ, քան որոշումների կայացումը»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս