«Եթե հանրաքվեն հաջողեց՝ Սահմանադրական դատարանից հետո գալու է 4-րդ իշխանությունը». Արթուր Համբարձումյան
Շիրակի պետական համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի հետ, իր համար դեժավյու է:
«7 միլիոն դոլար ծախսել՝ ՍԴ հարցը լուծելու համար. Խնդիրը կարելի է դիտարկել իրավական, տնտեսական, քաղաքական հարթության մեջ: Իրավական հարթության մեջ բազմաթիվ իրավաբաններ, գիտնականներ ապացուցել են, որ կոպտագույն ձևով խախտվել է և՛ սահմանված ընթացակարգը, և՛ բովանդակությունը: Կա նաև տնտեսական հարց: Եթե քաղաքացիներից հարցնեն՝ Սահմանադրական դատարանի դատավորներից կամ Հրայր Թովմասյանից ազատվելո՞ւ համար պետական բյուջեից ծախսվի 7 միլիոն դոլար, թե՞ Գյումրիում 400-500 ընտանիքի տուն տալու համար, կասկածում եմ, որ կկարողանան 650.000 ձայն ապահովել,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Համբարձումյան՝ հավելելով,- Եթե հանրաքվեն հաջողեց՝ Սահմանադրական դատարանից հետո գալու է 4-րդ իշխանությունը:
Հակապետական, հակազգային են ճանաչվելու որոշակի լրատվամիջոցներ: Թեման լինելու է այսպես՝ այս մարդիկ քննադատում են ժողովրդի իշխանությանը, վիրավորում են ժողովրդի վարչապետին, հետևաբար՝ իրենք ոչ թե ժողովրդի վարչապետին են քննադատում, այլ հենց ժողովրդին»: