Հայկական կողմից որևէ խախտում չի եղել. Ներսիսյանը՝ Ղազախստան տարված ավտոմեքենաների աղմուկի մասին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը վստահ է՝ Հայաստանում գնված և Ղազախստան տեղափոխված ավտոմեքենաների հարցում հայկական կողմից որևէ խախտում չի իրականացվել: Ղազախները հայկական պետհամարանիշներով այդ մեքենաներն իրենց երկրում վերավաճառելու համար ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան ու այն հանել հայկական հաշվառումից: Ներսիսյանը թեմային անդրադարձավ իր ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Հայաստանին տրվել էր սոցիալական հարց լուծելու համար արտոնություն և այն ոչ մի կերպ պետք չէ օգտագործել բիզնես նպատակներով: Ղազախստանը դժգոհություն էր հայտնել, որ իրենց քաղաքացիները՝ նաև ՀՀ քաղաքացիների օգնությամբ, փորձել են օգտվել Հայաստանի արտոնությունից և ավտոմեքենաներն արտոնությամբ ներմուծել Ղազախստան: Ղազախստանը որոշ սահմանափակումներ կամ արդեն մտցրել է, կամ փորձում է մտցնել՝ այդ ավտոմեքենաների մուտքը Ղազախստան արգելելու համար:
«Հայաստանն այս պահին մեծ խնդիր չունի: Մենք, ոստիկանությունը Ղազախստանի կոլեգաների այցի ընթացքում ամբողջ տեղեկությունը տրամադրել ենք: Այն, ինչ իրականացվել է մեր կողմից, իրականացվել է առանց որևէ խախտման՝ ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանակում։ Հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,-ասաց Ներսիսյանը:
Ղազախներն այս ավտոմեքենաները տարել են Ղազախստան հայկական գրանցումով: Այնտեղ վերավաճառելու համար այդ ավտոմեքենաները Հայաստանի գրանցումից պետք է դուրս գան։ «Եթե ցանկանան դրանք վերավաճառել, պետք է վերադառնան Հայաստան, եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, ապա դա կատարելուց հետո միայն այդ ավտոմեքենաները այստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան այնտեղ վերահաշվառել»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Նա նկատեց՝ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում տեղաշարժը եվրասիական տնտեսական միության տարածքում ազատ է: Ներսիսյանի համոզմամբ՝ ղազախներին մեքենա վաճառած հայերը որևէ խախտում թույլ չեն տվել և որևէ խնդիր չպետք ունենան: Ըստ էության ՀՀ քաղաքացուց մեքենա է գնել արտասահմանցի, որը Հայաստանում գրանցում է ստացել, այսինքն՝ իրավունք ունի Հայաստանում ավտոմեքենա հաշվառելու:
Թե որքան ավտոմեքենա է Հայաստանից գնացել Ղազախստան, հստակ թվերով նշել հնարավոր չէ: Ներսիսյանը, սակայն, նշեց, որ ոստիկանության հետ խոսակցության ընթացում հասկացել են, որ մոտ 20 հազար ավտոմեքենա է գրանցված եղել ղազախի անունով:
Հայաստան 2019-ին ներմուծվել է 189 հազար ավտոմեքենա:
ԵԱՏՄ-ն Հայաստանին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը տվել էր մաքսատուրքերի արտոնություններ՝ այդ թվում նաև երկրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մասով: Այս ընթացքում մեծ թվով ղազախստանցիներ Հայաստանում ձեռք են բերել գրանցում, գնել ավտոմեքենաներ, հաշվառել դրանք ու արտահանել Ղազախստան։ Սա, սակայն, Ղազախստանում պետության կողմից միանշանակ չի ընդունվել: