
«Առաջարկներ չեմ ստացել». «Հայկազովի» նախկին հրամանատարը՝ բանակ վերադառնալու մասին

«Բանակ վերադառնալու առաջարկներ չեմ ստացել, ինչպես գրում է մամուլը»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայկազովի» զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանը, ով օրեր առաջ հայտարարեց, որ հրաժարվում է Արցախի «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից և անդամությունից:
Ավելի վաղ «Վստահություն» կուսակցությունն Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել, սակայն հայտարարել՝ նախագահական ընտրություններին կուսակցությունը թեկնածու չի առաջադրելու, այլ թեկնածուի էլ սատարելու նպատակահարմարություն չի գտնում:
Ինքը՝ Գրիգորի Սահակյանը, 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախում զինվորականի քաղաքականություն մտնելը ժամանակի պահանջ է:
Արդյո՞ք ժամանակի պահանջ է փոխվել, Սահակյանը քաղաքական մեկնաբանությունից զերծ մնաց, սակայն նրա վերջին հայտարարության մեջ ակնարկվում են ինչ-ինչ պատճառներ.
«2019թ. հոկտեմբերից սկսեցի կուսակցություն ստեղծելու գործընթացը:
Առաջին իսկ օրվանից «Վստահություն» կուսակցությունն ուներ իր հստակ քաղաքական կողմնորոշումը: Սակայն վերջին որոշ զարգացումները սկսեցին հակասել իմ սկզբունքներին:
Ես միշտ եղել եմ ազատության և անկախության ջատագով և նախընտրում եմ շարունակել մնալ այդպիսին։
Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ հրաժարվում եմ կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաև հրաժարվում եմ կուսակցության անդամությունից:
Այսուհետ որևէ առնչություն չունեմ «Վստահություն» կուսակցության հետ:
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»: