«Մեզ համար «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ հանդիպումը հավելյալ պարզաբանումների կարիք ունի». Էդմոն Մարուքյան

Երեկ Արցախի «ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիևը թվիթերյան իր էջում գրել էր, որ հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այդ հանդիպմանը՝ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և անձամբ Անջեյ Կասպրշիկն ամեն այցի ժամանակ հանդիպում են Արցախի նախագահի, խորհրդականների հետ և այս համատեքստում էլ Ադրբեջանն ակտիվացրել է իր հատվածը։

«Կարծում եմ՝ այստեղ տրագեդիա սարքելու բան չկա, բայց մյուս կողմից էլ՝ մենք ունեինք մի գաղափար, որ վերջին ժնևյան հանդիպումից հետո հրավիրենք ՀՀ արտաքին գործերի նախարարին և հասկանանք, թե որ փուլում ենք, ուր ենք հասել և այդքան երկար ժամեր ինչ է քննարկվում։ Մեզ համար նաև «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ հանդիպումը հավելյալ պարզաբանումների կարիք ունի, անգամ եթե կարիք լինի՝ փակ ռեժիմով, բայց պետք է հասկանանք, թե այդ մասով ինչ է կատարվում»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա, հարցի հետ կապված «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից կարվեն համապատասխան քայլեր։

Նրա կարծիքով՝ այդ հանդիպումները չեն կարող խանգարել բանակցություններին, մասնավորապես այն դեպքում, երբ հայկական կողմը չի ասում, որ բանակցություններ է վարում։

Տեսանյութեր

Լրահոս