
ՀՅԴ-ի երիտասարդները կշարունակեն պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդների պասիվությունը ժամանակավոր է:
Բուհերում հայրենագիտական առարկաների դասավանդման ոչ պարտադիր ձեւաչափի դեմ պայքարողները չեն նահանջելու: ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ երիտասարդներն այժմ սպասում են Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը, ինչից հետո կհասկանան՝ ինչպես վարվել:
«Մտադիր եք մասնակցե՞լ այդ քննարկումներին»,- հարցրինք ՀՅԴ-ականներից մեկին:
«Հայրենագիտական առարկաների ուսուցումը եթե պարտադիրից դառնա «ըստ հայեցողության», ապա կշարունակենք մեր պայքարը՝ դասադուլների, նստացույցերի եւ այլնի տեսքով:
Իրականում մեզ համար ոլորտի քաղաքականությունն է ամբողջությամբ խնդրահարույց: Հետեւաբար մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ոլորտի քաղաքականությունն ամբողջությամբ չի բխում ազգային եւ պետական շահերից»,- ասաց մեր զրուցակիցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: