Իշխանությունների սեղանին դրված է երկպալատ խորհրդարանի գաղափարը. Ներկայացուցիչներ կլինեն Արցախից և Սփյուռքից. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մինի-հանրաքվեից հետո ՀՀ իշխանությունները նախատեսում են էական փոփոխություններ իրականացնել Սահմանադրության մեջ, ինչի համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով:
Նախնական տեղեկությունների համաձայն, որոնք պարբերաբար շրջանառում են իշխանության որոշ ներկայացուցիչներն ու նրանց հարող փորձագիտական հատվածը, որոշ դեպքերում նախատեսվում են արմատական փոփոխություններ։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունների սեղանին դեռեւս սաղմնային փուլում, որպես քննարկելի տարբերակ, դրված է երկպալատ խորհրդարանի գաղափարը, որը ժամանակ առ ժամանակ նախկինում էլ եղել է քննարկման թեմա, սակայն մշտապես մերժվել է:
Ի դեպ, նախկինում ամենատարածված մոտեցումներից մեկն այն էր, որ Վերին պալատում լինեն բացառապես համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, իսկ Ստորին պալատում՝ բացառապես մեծամասնական, որպեսզի մարզերի ներկայացուցչականությունը ապահովվի:
Երկպալատ խորհրդարանի կողմնակիցների մեջ կան այնպիսիք, որոնք առաջարկում են, որ Ստորին պալատում ընդգրկված լինեն նաեւ ներկայացուցիչներ Արցախից ու Սփյուռքից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց իշխանության ներկայացուցիչներից մեկը, այս փոփոխությունը կարող է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ ներառականության տեսակետից առանցքային նշանակություն ունենալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: