Գերմանական և ամերիկյան հատուկ ծառայությունները Թուրքիայում գաղտնալսումներ են արել
Թուրքական մամուլը, հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին և հետազոտական կենտրոններին, նշում է, որ բացահայտվել է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած ամենամեծ գաղտնալսման սկանդալը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Գերմանիայի և ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները գաղտնալսում են իրականացրել շվեյցարական «Crypto» կազմակերպության միջոցով։ Նրանց է պատկանել այդ ընկերության բաժնետոմսերի 50%-ը։
Անդ որում՝ գաղտնալսում իրականացվել է Մերձավոր Արևելքի երկրներում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, ասիական երկրներում և Եվրոպայի տարածքում։
Այս երկրները, անտեղյակ լինելով գերմանա-ամերիկյան դավադրությունից, շվեյցարական «Crypto» ընկերությունից ձեռք են բերել միլիարդավոր դոլար արժողությամբ կոդավորման ծրագիր, որպեսզի պաշտպանվեն գաղտնալսումներից, սակայն հենց այդ ծրագրի միջոցով էլ ԱՄՆ-ի և Գերմանիայի հատուկ ծառայությունները գաղտնալսել են ռազմական և դիվանագիտական բնույթի խոսակցություններ տվյալ երկրներում։
«Ռուբիկոն» անվանումն ստացած այդ գործողությունը, որը համարվում է 2-րդ աշխարհամարտից հետո իրականացված ամենահաջող հետախուզական գործողությունը, բազմաթիվ երկրների հետ միասին ընդգրկել է նաև Թուրքիան և իրականացվել է 1970-1993 թվականների ընթացքում։