Քաղաքացիներն ահազանգել են. մետրոյի տարածքը հանրային զուգարանի էր վերածվել
Հանրապետության հրապարակի մետրոյից դեպի Սախարովի հրապարակ տանող նեղ աստիճանները, մոտ 2 շաբաթ է, երկկողմանի փակ են: Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից տեղեկանում ենք, որ պատճառը քաղաքացիների դժգոհություններն են, թե այնտեղից գարշահոտ է գալիս:
«Այդ հատվածը երեկոյան ժամերին վերածվել էր հանրային զուգարանի, և այդտեղից շատ վատ հոտ էր գալիս: Մի խումբ քաղաքացիներ դիմել էին Մետրոպոլիտենի տնօրինությանը և խնդրել էին, որ լուծենք խնդիրը: Տնօրինությունն այդպիսի լուծում գտավ՝ տարածքը երկու կողմից փակել: Այդ հատվածը մաքրել են, ախտահանել են ու փակել, որ նորից հանրային զուգարանի չվերածվի»,- ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը:
Մետրոյի մշտական ուղևորներից մեկը 168.am-ի հետ զրույցում փաստեց, որ երկար ժամանակ նշված հատվածով անցնելն անգամ տհաճ է եղել.
«Այդ հատվածից ավելի քան մեկ շաբաթ գարշահոտ էր գալիս: Այդտեղով անցնելն անհնար էր դարձել: Բոլորն էին դժգոհում ու փորձում այդ հատվածն արագ անցնել: Վերջերս նկատեցինք, որ աստիճանների վերևում դուռ են դրել, ներքևում էլ՝ սպիտակ պատնեշ»:
Տաթև Խաչատրյանի խոսքով՝ տարածքը փակելը ժամանակավոր լուծում է, մինչև խնդրի կարգավորման այլ տարբերակ գտնվի.
«Այդտեղ տեսախցիկ տեղադրելն անիմաստ կլիներ, քանի որ երեկոյան ժամերին մութ է լինում, և ոչ ոք չէր կարող հասկանալ, թե ովքեր են այդ «հերոսները»: Դա նաև անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտում կլիներ»: