Ալեն Սիմոնյանին չե՞ն վստահում, թե՞ ինքն է ստում
«ՍԴ ոչ մի դատավոր Ազգային ժողովի շենք չի մտել. ես այսօր խոսել եմ Արարատ Միրզոյանի հետ, նման բան չկա»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ ԱԺ աշխատակազմը պաշտոնապես հաստատել էր՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև հանդիպումներ են եղել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ «Վստահ չեմ, որ հաստատվել է»:
Ալեն Սիմոնյանը կամ ստում է, կամ մանիպուլյացնում: ԱԺ աշխատակազմից 168.am-ի հարցին էլ տրվել է նույն պատասխանը:
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իշխանության տարբեր ճյուղերի, այդ թվում և՝ ՍԴ դատավորների հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում: Այս օրերին ևս Արարատ Միրզոյանի և ՍԴ դատավորների (այդ թվում՝ նաև Ֆելիքս Թոխյանի) միջև հանդիպումներ կրկին տեղի են ունենում»,- նշված էր ԱԺ աշխատակազմի նախագահի տեղակալ Լիլիթ Մինասյանի ստորագրած պատասխանի մեջ:
Հիմա կամ Լիլիթ Մինասյանն է ստում, ինչը քիչ հավանական է, կամ Ալեն Սիմոնյանը՝ ասելով, թե խոսել է ԱԺ նախագահի հետ, կամ Արարատ Միրզոյանը նրան սխալ ինֆորմացիա է փոխանցել:
Իսկ թե հաջորդիվ Ալեն Սիմոնյանը կասի՝ ես չեմ ասել՝ առհասարակ չեն հանդիպել, այլ ԱԺ-ում չեն հանդիպել, հարց կառաջանա՝ բա որտե՞ղ են հանդիպել, և ինչո՞ւ այդ մասին հաղորդագրություն չի տարածվել, եթե դրանք եղել են պաշտոնական հանդիպումներ:
Ի դեպ, Factor.am-ի հետ զրույցում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասել է, որ ինքը չի հանդիպել Ազգային ժողովի նախագահի հետ և չի կարող մանրամասներ փոխանցել:
«Ես չեմ հանդիպել, ով հանդիպել է, թող նա էլ խոսի: Ես չգիտեմ, թե ով է հանդիպել»,- մասնավորապես ասել է Ալվինա Գյուլումյանը:
Ալվինա Գյուլումյանը հավելել է նաև, որ չի պատրաստվում Արարատ Միրզոյանի հետ հանդիպել. «Ես անկախ դատավոր եմ, ես իշխանության ոչ մի թևի հետ հանդիպել չեմ ուզում՝ ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր»: