«Բարեկրթության, դաստիարակչական խրատներ տալուց առաջ պետք է հիշել սեփական գործողությունները». Անի Սամսոնյանը՝ Համազասպ Դանիելյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանում ներկայացնում էր իր հեղինակած՝ նվիրատվությունների վերաբերյալ նախագիծը, որի ընթացքում նրա և իշխանական պատգամավոր Համազասպ Դանիելյանի միջև տեղի ունեցավ լեզվակռիվ, ինչից հետո Անի Սամսոնյանը դուրս եկավ նիստերի դահլիճից և ասաց՝ եթե հարգեն, ապա կհարգվեն:
«Քննարկումն իմ նախագծի վերաբերյալ էր, որը ես ներկայացրել եմ, գիտեք, որ եղել է պրակտիկա, երբ Երևանի ավագանին հաստատել է նվիրատվությունները, բայց քանի որ վերջին նվիրատվությունները չեն հաստատվել, և մեր գործընկերները հղում էին անում, որ օրենքում կոնկրետ դրույթ չկա, որը պետք է հաստատի, հիմա ես նախագիծ եմ բերել, որպեսզի պրակտիկայում եղած այդ ամենը կարգավորվի իրավական նորմերով և չարաշահումների տեղիք չտա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ իր ներկայացրած նախագծի շուրջ պարզապես գործընկերոջ՝ Համազասպ Դանիելյանի հետ քննարկում էին նախագիծը, որը բովանդակային քննարկում էր, ինչից հետո Հ. Դանիելյանն անցում է կատարել այլ թեմայի:
«Ես նրան հորդորեցի պարզապես վերադառնալ բովանդակային քննարկման, ինչից հետո էլ ծագեց փոքրիկ վիճաբանություն: Ես ելույթ էի ունենում, իսկ նա փորձում էր ինձ հետ դաստիարակչական աշխատանքներ տանել, նրան կոչ արեցի վերադառնալ քննարկմանը: Պարզապես ուզում եմ իմ գործընկերներին կոչ անել՝ բարեկրթության, դաստիարակչական խրատներ տալուց առաջ պետք է հիշել սեփական գործողությունները և ասելիքը»,- շեշտեց Անի Սամսոնյանը:
Նա հիշեցրեց, որ, երբ քաղաքապետարանի նվիրատվությունների համար ուզում էին քննիչ հանձնաժողով ստեղծել, իշխանական մեծամասնությունը դեմ արտահայտվեց՝ նշելով, որ այդ ամենը կարգավորելու համար կարող են բերել օրենքի նախագիծ, իսկ հիմա, երբ այդ նախագիծը բերել է, շատերը դեմ ելույթներ են ունենում:
«Ես ասել եմ, որ պատրաստ եմ ընդունելու բոլորի առաջարկները, բայց, չգիտես ինչու, հնչում են քաղաքական ելույթներ, տպավորություն է, որ կա ինչ-որ խնդիր, և մեր գործընկերները չեն ցանկանում նախագիծն ընդունել: Մենք այս ամենն անում ենք, որպեսզի կանխարգելենք կոռուպցիոն ռիսկերը»,- շեշտեց Անի Սամսոնյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում