Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը մնում է անփոփոխ

Ժամանակակից հասարակությունը հաճախ անվանվում է մեդիոկրատիկ, որտեղ իրական իշխանությունը պատկանում է զանգվածային լրատվության միջոցներին: Ինչպես քանիցս նշել ենք՝ արդի աշխարհում քաղաքական տեղեկատվական-հաղորդակցական գործընթացներում հաճախ կիրառվում են ոչ թե առանձին հնարքներ, այլ հատուկ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ: Այս պարագայում առանձնահատուկ դերակատարում ունեն քաղաքական առասպելների ստեղծումն ու տարածումը։ Յուրաքանչյուր տուրբուլենտ փուլում, որում ներկայումս գտվում է մեր հասարակությունը, մեծ են ռիսկերը մարդկանց «ուղեղների լվացման» և մանիպուլյացիոն մեթոդների համար։

Հենց այս ժամանակահատվածներում շատ կարևոր է հասկանալ, թե գործող իշխանություններն ինչ քարոզչական հնարքներ են կիրառում սեփական դիրքերն ուժեղացնելու համար։

Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ իր հիմնական թիրախը դարձյալ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են, ինչպես նաև նրանց հետ ասոցացվող տարբեր գործիչներ:

Սերժ Սարգսյանի ստվերի դեմ Փաշինյանը շարունակում է պայքարել այնպես, ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ: Նա բառացիորեն յուրաքանչյուր դրվագում փորձում է խոշորացույցով փնտրել ՀՀԿ-ականների հետքն ու դրա մասին բողոքել հանրության առաջ: «Ժողովրդի» վարչապետը գտել է իր ձախողումների դասական արդարացման ոսկե բանաձևը՝ «այդ ամենը գալիս է նախկին իշխանություններից», կամ՝ «սա քրեաօլիգարխիկ հանցավոր ռեժիմի ձեռքի գործն է»:

Որպես կանոն, Փաշինյանն իր իշխանության շուրջ ընթացող լուրջ գործընթացներից շեղելու պատրանքներն իրկանացնում է ամենօրյա ռեժիմով: Հատկանշականն այն է, որ, երբ Փաշինյանին հարկավոր է լուրջ քաղաքական «մանյովր», ապա նա, որպես հմուտ մանիպուլյատոր, կարողանում է շատ կազմակերպված հասնել իրեն ցանկալի արդյունքին և հանրությանն այդ փուլում իրենով անել, իսկ արդեն որոշ ժամանակ անց այդ «էզոթերիկ» ու «դարակազմիկ» բացահայտումներն ուղղակի նետվում են պատմության աղբանոցը: Այն, ինչ տեղի է ունենում վերջին երկու օրերին, իշխանությունների կողմից կազմակերպված հերթական մանիպուլյացիաների շարքից էր:

Նախ հունվարի 28-ին բերման ենթարվեցին քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող մի շարք ընդդիմադիր երիտասարդներ, ովքեր բացահայտ հականիկոլական գործունեություն են ծավալում, և Փաշինյանի համար դարձել են առօրյա գլխացավանք: Նախօերին Փաշինյանը ֆեյսբուքյան էջում պատմել էր ՀԴՄ-ի հայտնի պատմությունը՝ ռեստորանի սեփականատեր Արշակ Զաքարյանին մեղադրելով «զինվորի հաց ուտելու մեջ»:

Զաքարյանը բավականին կոպիտ հռետորաբանությամբ հակադարձել էր Փաշինյանին՝ նրա արարքը նկարագրելով բարձրաստիճան պաշտոնյանին ոչ հարիր պահվածք ու գործելաոճ: Սրանց հավելենք նաև ՍԴ շուրջ ընթացող «ձնագնդի էֆեկտով» զարագացող գործընթացները, այդ ամենի վերաբերյալ ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների ու Վենետիկի հանձնաժողովի «քաղաքական ապտակը», հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է այս ամենը հանրության շրջանում չեզոքացնելու և այլ տեղեկատվությամբ քողարկելու քայլեր ձեռնարկի:

Հետագա գործողություններն երկար սպասեցնել չտվեցին. կեսօրին հայտնի դարձավ, որ ոստիկանության Կազմակերպված հանցագործության վարչություն բերման է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով:

Այս ամենից հետո պարզ է դառնում, որ Փաշինյանի ձեռագիրը չի փոխվում. ամեն անգամ քաղաքական «փակուղու» առաջ հայտնվելիս, և քաղաքական դիսկոնֆորտի մեջ գտնվելուց, նա դիմում է իրեն բնորոշ «ասֆալտին պառկեցնելու» մեթոդաբանությանը:

Հատկանշականն այն է, որ բերման ենթարկվածներն, իրենց հերթին, այդ ամենից բնավ վատ չեն զգում, հակառակը՝ պատրաստակամություն են հայտնում նորից կանչելու դեպքում պատշաճ ներկայանալ:

Փաշինյանը փորձում է ՀՀ ներքաղաքական դաշտում ապահովել հերթական քաղաքական քաոսը, որպեսզի քաղաքական ուժերի միջև որևէ լուրջ կոնսոլիդացիա տեղի չունենա, և այդ ուժերը՝ հիշելով երբևէ գոյություն ունեցած տարաձայնություններն ու քաղաքական հակադրությունները, խուսափեն քաղաքական լուրջ հայտ ներկայացնելուց:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս