««Հոկտեմբերի 27»-ի գործի վարույթի իրականացումն ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին». Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը մերժել է 1999-ին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի բողոք-միջնորդությունը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացումից հետո քննող մարմնին տուժողի իրավահաջորդ հայտարարել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության։
Նա նաև մտահոգություն էր հայտնել միայն ԱԱԾ-ում (մեկ մարմնում) ձևավորված քննչական խումբ ձևավորելու վերաբերյալ, որովհետև, ըստ Բախշյանի, հատկապես անջատված մասի 17 հատորների բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ նախաքննության 4 տարիների ընթացքում նախկինում մեկ մարմնում ձևավորված քննչական խմբի կողմից որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել՝ որպես կազմակերպիչ:
Ըստ այդմ՝ նա պնդել է, որ վերաբացված գործը հանձնարարեն այդ նպատակով ստեղծված հատուկ քննչական այն խմբին, որի մեջ կներառվեն ՀՀ-ում առկա ամենապրոֆեսիոնալ քննիչներ (ներառյալ՝ ԱԱԾ քննիչներ), որոնք ունեն անբասիր աշխատանքային կենսագրություն:
168.am-ի խնդրանքով Գլխավոր դատախազությունից մանրամասնեցին Անահիտ Բախշյանի բողոքի մերժման պատճառները՝ նշելով, որ դատախազության պատճառաբանված որոշումը սահմանված ժամկետներում պատշաճ կերպով ուղարկվել է նրան:
«Անահիտ Բախշյանին, մասնավորապես, տեղեկացվել է, որ վարույթի իրականացումն ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին։ Բացատրվել է նաև բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգը, համաձայն որի՝ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին, մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել: Բացի այդ, նշվել է, որ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել վարույթն իրականացնող քննչական խմբում ներառել նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին»,- ասվում է 168.am-ին փոխանցված Գլխավոր դատախազության պատասխան գրության մեջ: