«Եթե նման բան լիներ որևէ զարգացած եվրոպական երկրում, ապա դրան անմիջապես կհետևեր իմպիչմենթի գործընթաց». Սեդրակ Ասատրյան
«Անթույլատրելի է իրավական պետությունում անմեղության կանխավարկածի նման ոտնահարումը: Դա օրենքի խախտում է ու խրախուսում է այլ անձանց անմեղության կանխավարկածի խախտումը՝ թքած ունենալով օրենսդրության, իրավունքի, պետական ինստիտուտների վրա, ինչ-որ նպատակի հասնելու համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա գրառմանն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության երեկվա ռեպորտաժին՝ հավելելով, որ եթե նման բան լիներ որևէ զարգացած եվրոպական երկրում, ապա դրան անմիջապես կհետևեր իմպիչմենթի գործընթաց:
Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժին, Սեդրակ Ասատրյանը նշեց՝ «մեր Հանրային հեռուստաընկերությունն անկախ չէ»:
«Անձամբ ես Հայաստանում գործող ամենամեծ փաստաբանական գրասենյակի տնօրենն եմ՝ դրանից բխող հետևանքներով: Որևէ իրավական խնդրով ինձ կամ իմ գործընկերներին երբեք չեն հրավիրել Հանրային հեռուստաընկերություն: Ես նաև չեմ տեսել, որ իմ գործընկեր պաշտպաններից, որոնք պաշտպանում են զգայուն գործեր, որևէ մեկը հրավիրվի Հ1՝ հարցազրույցի»,- ասաց փաստաբանական գրասենյակի տնօրենը՝ նշելով, որ հրավիրում են նրանց, ովքեր իրենց հաճելի խոսք պիտի ասեն:
Սեդրակ Ասատրյանը նշում է, թե չի ժխտում, որ ճանաչում է Հրայր Թովմասյանին, ու հպարտ է դրա համար:
«Ինքն այս երկրի համար շատ բան է արել: Միայն նրա համար, որ ինքն իր ընկերների հետ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքը ներդրել է, որով մենք կարողացել ենք հին իշխանությունների ժամանակ հարկային ոտնձգություններից մեր բիզնեսը պահպանենք, միայն դրա համար Հրայր Թովմասյանի արձանն իր կենդանության օրոք պետք է կանգնեցնել»,- ասաց «Կոնցեռն-դիալոգի» տնօրենը:
Հարցին, թե ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում ազատվել Հրայր Թովմասյանից ու ՍԴ-ից ամբողջությամբ, Սեդրակ Ասատրյանը պատասխանեց, որ «սրտի դատարան» են ուզում, որ ինչ ուզեն, այն էլ անեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում