
«ԱԳՆ-ն չի մեկնաբանում ենթադրությունները և ասեկոսեները». Աննա Նաղդալյան

Օրերս «Փաստ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում, և չի բացառվում, որ դեսպանների հետկանչի նոր ալիք սկսվի, քանի որ ներդրում չեն ապահովել, ինչպես հանձնարարել էր վարչապետը։
168.am-ը ԱԳՆ-ից փորձեց պարզել՝ հնարավո՞ր է՝ կադրային նման փոփոխություններ լինեն:
Ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց. «ԱԳՆ-ն չի մեկնաբանում ենթադրությունները և ասեկոսեները, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ: ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում իրականացվող փոփոխությունները կատարվում են ծրագրված և համակարգված ձևով»:
Նա հերքեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանին հատուկ հանձնարարությունների դեսպանի կոչում շնորհելու մասին մամուլում հրապարակված տեղեկությունը: Հիշեցնենք, որ երեկ 168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանը նշել էր՝ նման խոսակցություն չի եղել:
«Հավելեմ, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- ասաց Աննա Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի քարտուղարը մտացածին ենթադրություն համարեց նաև այն լուրը, թե «ԱԳՆ-ից զանգահարել են Իրանի դեսպանատուն ու իրենց դժգոհությունը հայտնել իրանցի պաշտոնյաների՝ «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ կատարած այցի կապակցությամբ՝ նշելով, որ այդ այցը կարող է դիտվել՝ որպես կառավարության քաղաքականության դեմ քայլ»:
Ինչ վերաբերում է արտերկրում նոր դեսպանատներ բացելու ծրագրերին, ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի կառավարությունը որոշում է կայացրել, որ ՀՀ դեսպանություններ են բացվելու Իսրայել Պետությունում և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում: