«Պուտինը չի գնում Սարգսյանի ճանապարհով». Դուբնով
«168 Ժամի» զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը
– Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրեց կառավարության նոր կազմը և կառուցվածքը։ ՌԴ նախագահը Պետդումա ուղարկեց երկրի Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որի մասին հայտարարել էր անցած շաբաթ Դաշնային խորհրդին ուղղված ելույթում։ Այս պահին արդեն հստա՞կ է այն սխեման, որի համաձայն՝ Ռուսաստանում տեղի է ունենալու իշխանության տրանզիտը:
– Նախ՝ ցանկանում եմ նշել, որ չեմ կիսում այս ամենից սպասումների դրամատիզմն ու ՌԴ իշխանությունների շտապողականությունից բխող դավադրության տեսությունները: Այն, որ իշխանության տրանզիտ է սպասվում, մենք գիտեինք վերջին 2 տարիներին: Շատ տարբեր վարկածներ էին շրջանառվում, այդ թվում՝ նոր ընդհանուր պետության ձևավորում Բելառուսի հետ, ինչպես նաև մի շարք կիսահումորային վարիացիաներ: Կարծում եմ, որ ներկայումս իրապես անցել են իշխանության նոր կառուցվածքի ձևավորման աշխատանքներին, ինչը կարելի է համարել ավանդական իշխանության փոխանցման փուլ բոլոր երկրներում: Բայց ես կարծում եմ, որ շտապողականությունը կարելի է բացատրել նրանով, որ մենք մինչև վերջ չունենք այն խաղաքարտերը, որոնք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ձեռքում են: Կարծում եմ, որ բոլոր քարտերին չէ, որ մենք ծանոթ ենք. երկրորդ, երրորդ քայլերի մասին դեռ պետք է իմանանք ապագայում, և այն քարտերից, որոնք այսօր ենք տեսնում, բավական բարդ է հստակեցնել այն, ինչ տեղի է ունենալու, բավական բարդ է նաև պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք առաջանում են: Ակնհայտ է, որ շտապում են, շտապում են այս ամենի առաջին փուլը մինչև ամառ ավարտել, բայց ես կարծում եմ, որ մենք տեղյակ չենք և չենք կարող ենթադրել, թե ինչ է սպասվում երկրորդ և երրորդ փուլերում, որոնք կմեկնարկեն դրանից հետո: Մենք չենք կարող ասել, թե հետո մոդելի ինչ մշակումներ են լինելու: Ինձ թվում է, որ դեռևս վերջնականապես չհամաձայնեցված, չպայմանավորված հարցեր կան:
Առաջարկվող փոփոխությունների համատեքստում մինչև վերջ չեմ հասկանում, թե ինչպես են հարաբերությունները կազմակերպվելու ՌԴ Պետական խորհրդի նախագահի, Սահմանադրական դատարանի և Դաշնային խորհրդի միջև: Կարծում եմ՝ այստեղ մեզ որոշ հստակեցումներ են սպասվում: Մենք այնքան էլ դեռ չենք հասկանում Պետական խորհրդի տեղը և դերակատարությունը:
– Ի դեպ, վարկածներից մեկի համաձայն՝ ՌԴ նախագահական պաշտոնի թուլացմանը զուգահեռ՝ Պուտինը հավակնում է լինել Պետական խորհրդի ղեկավարը 2024 թվականից:
– Այո, գլխավոր վարկածը դա է, որ նա տեղափոխվելու է Պետական խորհուրդ, և դա այնքան ակնհայտ տեղափոխություն և սխեմա է, որ կարծում եմ՝ մի փոքր կասկածելի է այս մոդելի պարզությունը: Ըստ իս՝ մեզ անակնկալներ են սպասվում: Թեև հնարավոր է, մասնագիտական սովորության համաձայն, բարդացնում եմ, և գուցե լուծումները շատ պարզ ու հասկանալի լինեն: Ինձ համար այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ են պատրաստվում անել այն սահմանադրական մի շարք առաջնահերթությունների հետ, որոնք ցանկանում են փոխել, քանի որ, եթե դրանք փոխեն, ապա համաժողովրդական քննարկումը բավարար չէ, հարկավոր է համարյա թե նոր Սահմանադրություն: Եթե խոսքը Սահմանադրության առաջին հատվածում արվելիք փոփոխությունների մասին է, ապա այլ ուղիով պետք է ընթանան: Այսինքն՝ շատ հարցեր կան, որոնք դեռ պետք է հստակեցվեն, և որոնցից դեռ դժվար է խոսել:
– Ըստ Ձեզ՝ իշխանության տրանզիտի ինչպիսի՞ այլ սխեմաներ են հնարավոր՝ հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունները:
– Լիովին ակնհայտ է, որ Պուտինը չի պատրաստվում որևէ տեղ հեռանալ: Ինձ թվում է, որ 2008-2009 թվականների իրադարձությունները սովորեցրին Պուտինին, որ նույնիսկ այնպիսի կերպարը, ինչպիսին Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևն էր, 100%-անոց երաշխիք չէ ցնցումներից և ալիքներից իշխանության վերադարձման ճանապարհին, քանի որ նույնիսկ Մեդվեդևի օրոք որոշակի ինտրիգ առաջացավ, որքան էլ որ դա ծիծաղելի է հնչում: Սա նշանակում է, որ վարչապետի պաշտոնի զբաղեցումը կրկին անհուսալի է դիտարկվում, և որքան տեսնում ենք՝ մեր ընկերների փորձը ևս շատ ուսանելի է: Այդ օպերացիան որևէ երկրում հարթ տեղի չի ունեցել: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում, Վրաստանում, որտեղ կազմակերպվել է նման բան, վատ արդյունք է ունեցել: Հայաստանում, փաստորեն, նախաձեռնվեց և այլ բան ստացվեց, իշխանություն ստացավ այլ մարդ, ինչը Պուտինին ձեռնտու չէ: Այսինքն՝ վարչապետական պարզ տրանզիտն ապացուցել է իր անհուսալիությունը:
Ուստի ես կարծում եմ, որ ավելի տրամաբանական է, որ Մոսկվան հետաքրքրված լինի առավելապես իրադարձությունների զարգացմամբ ղազախական սցենարով, որտեղ ստեղծվում է մի միջավայր, որտեղ «հոսում է» այդ իշխանությունը: Թեև, ըստ իս, ղազախական տարբերակը ևս հուսալի չէ: Իմ գնահատմամբ, ռուսական պարագան չափազանց բարդ է, հնարավոր է, որ տրանզիտը երկար ժամանակ պահանջի, հնարավոր է՝ շտապում են, քանի որ սխեմա են մտածել, որը բավական բազմաստիճան է, բայց հաշվարկելով այդ ամենի գրաֆիկը, որոշել են շտապել, երևի թե փորձում են կոտրել ստանդարտ գրաֆիկը՝ չսպասելով 2024 թվականի ընտրություններին: Կարծում եմ, պատրաստվում են ինչ-որ փոփոխությունների արդեն հաջորդ տարվա ընթացքում:
– Այս օրերին Պուտինի ժառանգորդի տարբեր անուններ են շրջանառվում: Դուք ի՞նչ տարբերակներ ունեք: Ո՞վ կարող է փոխարինել Պուտինին և լինել վստահելի այդ դերը ստանձնելու համար:
– Կարծում եմ՝ անիմաստ է դա քննարկել: Երկու շաբաթ առաջ մենք չգիտեինք՝ ով է Միշուստինը, ուստի, կարծում եմ, որ նմանատիպ անձինք ևս հնարավոր են: Դատելով այն հանգամանքից, որ անսպասելի, անճանաչելի դեմքեր են հայտնվել, գուշակություններն անիմաստ են:
– Դուք խոսեցիք հայաստանյան օրինակից: Ըստ Ձեզ՝ այս փոփոխությունների արդյունքում Ռուսաստանում հնարավո՞ր են այնպիսի զարգացումներ, ինչպես Հայաստանում 2018 թվականին:
– Կարծում եմ՝ նման սպառնալիքներ չկան, սակայն Ռուսաստանի իրավիճակը շատ ավելի բարդ է, կանխատեսելի են նաև, պայմանական ասած, հրապարակային ճգնաժամեր. կարծում եմ, որ Մոսկվան չի գնա պարզ ճանապարհով, ինչ Սարգսյանը, դա չափազանց պարզ ու անհուսալի ճանապարհ է: Կան ռիսկեր նրանում, որ իշխանության նյարդայնությունը ստեղծում է մի շարք ռիսկեր, բայց կարծում եմ՝ կհաղթահարվեն:
– Այս ընթացքում հնարավո՞ր են փոփոխություններ Ռուսաստանի և գործընկերների հարաբերություններում, կամ հնարավո՞ր են նաև զուգահեռ գործընթացներ հետսովետական երկրներում:
– Կարծում եմ՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:
– Շոյգուն և Լավրովը պահպանեցին իրենց տեղերը ՌԴ կառավարությունում, ինչո՞ւ:
– Մենք հասկանում ենք, որ պաշտպանական և արտաքին քաղաքականությամբ ո՛չ Շոյգուն, և ո՛չ էլ Լավրովը չեն զբաղվում, ուստի եթե ինչ-որ բան փոխվի, նրանք այդ փոփոխված քաղաքականությունը ևս հիանալիորեն կղեկավարեին տեսականորեն: Միշուստինը փոխեց նրանց, ում թույլ տվեցին փոխել, նա բերեց իր մարդկանց, հեռացրեց Մուդկոյին և Մեդինսկուն, նրանց հեռացրեց, որպեսզի չնյարդայնացնի մի շարք կողմերի, արդեն անհարմար էր Մեդինսկիին պահել, իսկ մնացած ֆիգուրները նշանակվել են Միշուստինի կողմից. նա ուներ իր թեկնածուները: Իսկ Լավրովը և Շոյգուն քաղաքական դասավորության և մասշտաբի ֆիգուրներ են նախագահական կադրային ռեզերվում, և Պուտինը հիմքեր չունի նրանց փոխելու: