«Վանեցյանն անպայման ինչ-որ  հարցերի պետք է պատասխանի. Գեորգի Կուտոյանի մահը ցույց է տալիս, որ պետք է թույլ չտանք, որ հետագայում էլ նման բան լինի». Կարինե Աճեմյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի, ինչպես նաև որոշակի ժամանակահատված առաջ ուժային կառույցի մեկ այլ նախկին պաշտոնյայի՝ Հայկ Հարությունյանի մահը սարսափելի բան է, և որևէ կերպ որևէ մեկը չի կարող ինչ-ինչ նպատակների համար շահարկել այս դեպքերը։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց նախկին պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը՝ կոչ անելով  Հանրային խորհրդի նախագահին և Ազգային ժողովի փոխնախագահին՝ «ցինիկ արտահայտություններ» թույլ չտալ և նախ պարզել, թե ինչի՞ համար պետք է մեր երկրում նման դեպքեր տեղի ունենային։

«Նախօրոք կանխատեսումներ  անել, կամ ասել՝ նախկին, այն դեպքում, երբ ես տեսնում եմ նախկիններից նախկիններին հենց իրենց դեմքով, անընդունելի է։ Պատմությունը դեռ կպարզի, թե նախկինն ով էր և ինչ էր ուզում մեր երկրից»,- ասաց Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ հասարակությունը պետք է հետամուտ լինի, որ իրավապահ մարմինները պարզեն՝ Գեորգի Կուտոյանի մահը ինքնասպանությա՞ն, թե՞ սպանության հետևանք էր։

Խոսելով ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումների մասին՝ Կարինե Աճեմյանը նշեց, որ օրակարգ է բերվել «Հոկտեմբերի 27»-ի գործը, որով պայմանավորված էլ ի հայտ է եկել ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

««Հոկտեմբերի 27»-ի գործը նորից բերել այնպիսի հարթության վրա, որտեղ ներկայիս իշխանությունները ցանկանում են շահարկել նախկին նախագահների անունները, անթույլատրելի է»,- ասաց  Աճեմյանը։

Դիտարկմանը, որ շրջանառվում են կարծիքներ, թե՝ քանի որ «Մարտի 1»-ի գործով առայժմ չի հաջողվում հասնել բացահայտումների, ուստի դաշտ է նետվում «Հոկտեմբերի 27»-ի գործը՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար, Աճեմյանը պատասխանեց.

«Այդ ընտանիքը ինչքա՞ն պետք է զբաղեցնի, այդ ընտանիքն անվերջ ցանկանում է տարբեր թեմաներով շեղել և մարդկանց զբաղեցնել։ Այստեղ ուզում եմ հիշեցնել «Վիկիլիքսի» հրապարակած գաղտնի փաստաթղթերը, որոնցով պարզ է դառնում, որ 2008 թվականի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ունեցել է առավելագույն ձայներ, բացահայտված են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի հետ կապված գրագրությունները, այնպես որ, բոլորին խորհուրդ կտամ կարդալ դրանք»։

Հանրապետական նախկին պատգամավորը, ում կարծիքով՝ 2018 թվականին իրենք պետք է ավելի կայուն գտնվեին և չհանձնվեին, չի ցանկանում, որ այն, ինչ տեղի ունեցավ իրենց հետ, կատարվի նաև Սահմանադրական դատարանի դատավորների հետ։

«Կարծում եմ՝ նրանք կկարողանան չգնալ պրովոկացիաների՝ օրենքով պարտադրվող։ Ես չեմ ուզենա, որ այդ ճնշումները՝ հակասահմանադրական և հակամարդկային, տեղի ունենան նաև Սահմանադրական դատարանի դատավորների ու նախագահի նկատմամբ. սա տոտալիտար երկրներին բնորոշ երևույթ է»,- ասաց Կ. Աճեմյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն գտնվում է տարածաշրջանում ընթացող թուհուբոհի կենտրոնում, և ՀՀ իշխանությունները՝ մոռանալով այդ ամենը, արտաքին թշնամիների դեմ պայքարի մասին մտածելու փոխարեն՝ ներքին թշնամիներ են փնտրում։

«Այն դեպքում, երբ մենք ունենք Արցախի հարց, ներքին թշնամի ման գալն ու թիրախներ ընտրելը ես համարում եմ անընդունելի»,- ասաց  Աճեմյանը՝ ընդգծելով, որ անկախ այդ փնտրտուքից, միևնույն է՝ երկրում օր օրի մեծանում է բողոքի ալիքը, որն է՛լ ավելի կմեծանա գազի գնի բարձրացմամբ։

«Այ, եթե ես լինեի, գազի գինը կիջեցնեի… էսպես էր ասում Փաշինյանը նախկինում, բայց հիմա, բնականաբար, գազի գինը բարձրանալու է, և նա որևէ բան չի կարողանալու անել։ Չեմ էլ ցանկանում խոսել այն մասին, որ մենք այլևս մեր արտաքին գործընկերների հետ նույն հարթության վրա չենք կարողանում հայտնվել։ Մենք ազգովի էժան պոպուլիստական տեսարաններով ենք տարված, մեր երկիրը ժողովրդավարական արժեքներից հետընթաց է ապրում, ակնհայտ է, որ Փաշինյանը  տրորում է իրավական ամեն ինչ։ Քննչական մարմիններն ու Ազգային անվտանգության ծառայությունը հեղինակազրկվել ու հայտնվել են ծիծաղելի իրավիճակում»,- ասաց Աճեմյանը։

Խոսելով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ վերջին շրջանում նկատվող ակտիվության մասին՝ տիկին Աճեմյանը կարծիք հայտնեց, որ Վանեցյանը պետք է անպայման որոշ հարցերի պատասխաններ տա։

«Նա պետք է անպայման ինչ-որ հարցերի պատասխանի, որովհետև Գեորգի Կուտոյանի մահը ցույց է տալիս, որ մենք ողբերգական իրադարձությունների ականատես ենք լինում. պետք է թույլ չտանք, որ հետագայում էլ նման բան լինի։ Կարծում եմ՝ Վանեցյանը շատ բան գիտի, որի մասին կարող է բարձրաձայնել։ Նա կարող է իշխանության համար վտանգ ներկայացնել, քանի որ շատ բան գիտի»,- ասաց Աճեմյանը՝ չցանկանալով մեկնաբանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ Վանեցյանի հեռացումը հեղաշրջման փորձի հետ կապելու մասին հայտարարությունը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս