«Նիկոլ Փաշինյանը հիմա ապրում է Ֆեյսբուքի քոմենթներում իր մարմնի տարբեր մասերն ուտող մարդկանցով». Հայկ Մամիջանյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ անդրադառնալով գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու փաստին՝ ասաց, որ իշխանությունները գնացին այդ քայլին, որովհետև նախ վախեցան հանրության արձագանքից.
«Այդ «տուշոնկա-օպերացիան», որն իրականացվել էր քարոզչական նպատակներով, արդեն սկսում էր նկատելի դառնալ, որ ավելի շատ PR ակցիա էր, քան Ոստիկանության կամ Ազգային անվտանգության հետ աղերս ուներ: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ընկալում է, որ իրենք այլևս ամենաթողության կամ ամեն ինչը մարսելու կարգավիճակում չեն գտնվում: Բայց ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանին, եկեք փաստենք, որ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ևս մեկ վկա՝ մարդ, ով ներկա է եղել այդ ողջ գործընթացին և տեղեկացված է իրողություններից, փաստացի գտնվում է մահամերձ վիճակում»:
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ գրել է. «Եթե նրա կյանքի օրերը հաշված են, ու նա կարող էր մահանալ բանտում, ապա ճիշտ որոշում է կայացվել. մեր երազած պետությունը անմեղ Հաց բերողին կամ նույնիսկ հանցագործության մեջ մեղադրվող գեներալին խոշտանգող ու սպանող պետությունը չէ։ Մենք իրավունք չունենք ու չպետք է թույլ տանք, որ պետությունը արյան պատասխանատվության տակ մտնի, պետությունը հանցագործ դառնա, ինչպես դա արեցին նախկին իշխանությունները»։
Հանրային խորհրդի նախագահի այս գրառման վերաբերյալ Հայկ Մամիջանյանն ասաց. «Մի լավ ասացվածք կա՝ շատ բարդ է մարդուն բացատրել որևէ բան, եթե ինքը գումար է ստանում՝ դա չհասկանալու համար: Հիմա միլիոն անգամ տիկին Արփինե Հովհաննիսյանը և այլ իրավապաշտպաններ բացատրել են Հաց բերողի մահվան հետ կապված իրադարձությունների շղթան, բացատրել են, թե ովքեր են դրանում մեղավոր, մեղավորներից շատ-շատերը այս պահին Նիկոլ Փաշինյանի իշխանությունում զբաղեցնում են բարձր պաշտոններ, և այլն: Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանի ասածին, ուզում եմ հասկանալ՝ նա ո՞ւր էր այս մի քանի ամիսը: Ես, իհարկե, ցավում եմ նրա համար, թե ինչ մասնագետի է վերածվել Ստյոպա Սաֆարյանը, բայց անտեսանելի աչքով էլ կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ են անում Մանվել Գրիգորյանի հետ»:
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի դեմ իրականացվող արշավին, մեր զրուցակիցն ասաց, որ, եթե նա պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել, ապա պետք է նրան դատեին. «Այս իշխանությունների համար վտանգ է ներկայացնում ցանկացած բանական, մտածող և, ամենակարևորը՝ դրա մասին բարձրաձայնող մարդ: Այդ բոլոր 3 կետերին պարոն Վանեցյանը համապատասխանում է»:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների գրառումները կամ Աննա Հակոբյանի գործունեությունը տարբեր քննադատությունների արժանանում: «Մենք ունենք երկու տրամաբանություն. կամ գնում ենք այն տրամաբանությամբ, որ Մարիամ Փաշինյանը, Աննա Հակոբյանը արտահայտում են կառավարության, իշխող ուժի, Նիկոլ Փաշինյանի կարծիքները, ապա այդ պարագայում նրանք ստանում են նույն հակահարվածը, որ ստանում է Նիկոլ Փաշինյանը, կամ գնում ենք այն տրամաբանությամբ, որ նրանք ՀՀ սովորական քաղաքացիներ են և իրենց կարծիքն են արտահայտում: Ինձ համար Մարիամ Փաշինյանն ու իր ցանկացած գրառում Ֆեյսբուքում գրանցված միջին վիճակագրական քոմենթչիի արժեք ունի: Մարիամ Փաշինյանին սարքել քաղաքական գործընթացի ֆակտոր՝ անիմաստ է»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ որքան վատթարանա Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, որքան քիչ շոշափելի արդյունքներ արձանագրի, այնքան ավելի շատ շոուների ենք ականատես լինելու:
«Նիկոլ Փաշինյանը հիմա ապրում է Ֆեյսբուքի քոմենթներում իր մարմնի տարբեր մասերն ուտող մարդկանցով, իսկ Հայաստանում դա շատ վտանգավոր է»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում ասաց. «2020 թվականը դառնալու է թերահավատների հուսավառվելու և հավատավորների թռիչքի տարի, Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի»:
Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ այս տարի հանրապետականներն էլ հուսավառվեն, թե՞ շարունակելու են մնալ մտահոգ:
«Նախ՝ կարելի է հուսավառվել՝ նաև մտահոգ լինելով: Ես Փաշինյանի ասած թերահավատների մեջ ինձ չեմ տեսնում: Ես վստահ եմ, որ Հայաստանը լավ ապագա է ունենալու, բայց դա լինելու է ոչ թե շնորհիվ գործող ռեժիմի, այլ հաճախ՝ ի հեճուկս: Կան բաներ, որոնք իրենք լավ են անում, մենք այն ընդդիմությունը չենք, որ ասենք՝ եղբայր, դուք այսինչ բանը լավ չեք անում, տեղ տվեք՝ մենք նստենք, անենք, մենք ասում ենք՝ լավ չես անում, այսպես է պետք անել»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում