«Վստահ եմ, որ, եթե նույն միջնորդությունը երեկ ոչ թե դատախազը ներկայացներ, այլ պաշտպանը, երեկոյան նիստ չէին հրավիրի». Հովհաննես Խուդոյան

«Երևան քաղաքի ընդհանուր  իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, 2019թ. վերջում բավարարել է իմ բողոքը՝ «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջ նյութերը մեզ չտրամադրելու՝ ՀՔԾ քննիչի որոշման դեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը:

Նա նշեց նաև, որ դատարանն իրավունքի խախտում է ճանաչել ու քննիչին պարտավորեցրել գործի ամբողջ նյութերը տրամադրել իրենց, սակայն  դատախազությունը բողոքարկել է այս որոշումը, և բողոքը երեկ մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։

Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանին 2019 թվականի մայիսի 18-ին ազատ արձակելու, ինչպես նաև մայիսի 20-ին Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին։

168.am-ի հարցին, թե ընտրությունն ինչպե՞ս է կատարվել, համակարգի՞չն է այդ բողոքի քննությունը մակագրել Արմեն Դանիելյանին, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այժմ Վերաքննիչ դատարանում նույնպես բոլոր գործերը մակագրվում են համակարգչի միջոցով:

«Դեռ մեկ տարի առաջ դատարանի նախագահն էր մակագրում, բայց մի քանի գործերով աղմուկ բարձրացնելուց հետո համակարգչային ծրագիրը նաև Վերաքննիչում սկսեց աշխատել, ու հիմա բոլոր գործերը ծրագրով են մակագրվում»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Մեր հարցին, թե քանի՞ դատավորների միջից է համակարգչի ընտրությունը կանգ առել Արմեն Դանիելյանի վրա, և արդյո՞ք վստահ են, որ համակարգիչը պատահականության սկզբունքով է ընտրել նշյալ դատավորին, փաստաբանն ասաց, որ, եթե չի սխալվում, 18 դատավոր կա Վերաքննիչում:

«Ցուցակից, չգիտեմ ինչ պատճառով, բացակայում է միայն Վազգեն Ռշտունին: Մնացած դատավորները մակագրման պահին տեխնիկապես հասանելի են եղել: Թե հիմա այդ ծրագրին հասանելիության այլ ճանապարհ կա, չեմ կարող ասել»,- նկատեց Հովհաննես Խուդոյանը:

Հարցրինք նաև, թե ի՞նչն է բողոքարկում դատախազությունը, արդյո՞ք համարում է, որ իրավունք չունեք ծանոթանալ գործի նյութերին ողջ ծավալով: Երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամն ասաց, որ դեռ չի կարդացել բողոքը, հետևաբար՝ գնահատական տալ չի կարող:

Հովհաննես Խուդոյանը նշում է սակայն, որ դատարանը կբավարարի դատախազների բողոքը, քանի որ դատավոր Արմեն Դանիելյանը չի կարող մերժել դատախազներին:

Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու՝ դատախազության միջնորդությանն ու դատարանի կողմից այն անմիջապես բավարարելուն, այն դեպքում, երբ նույն միջնորդությունը, նույն պաշտպանական թիմի կողմից, նույն առողջական վիճակով պայմանավորված, նույն դատավորը բազմիցս մերժել է, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել, որովհետև նախորդ բողոքների բովանդակությանը ծանոթ չէ, բայց որ սա արվում է ոչ թե անձի առողջության ու կյանքի, այլ պատասխանատվությունից խուսափելու համար, ակնհայտ է:

Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ դատախազությունը հենց այս փուլում հանդես եկավ այդ միջնորդությամբ, այն էլ՝ արտահերթ դատական նիստով, Հովհաննես Խուդոյանն ասաց՝ որովհետև իրական վտանգ կա, որ Մանվել Գրիգորյանը կարող է մահանալ։

«Վստահ եմ, որ եթե նույն միջնորդությունը երեկ ոչ թե դատախազը ներկայացներ, այլ պաշտպանը, երեկոյան նիստ չէին հրավիրի։ Հիմա հնարավոր ամեն ինչ անում են, որ իրենց վրա չլինի պատասխանատվությունը, բայց արդեն ուշ է: Բոլորի համար պարզ է, թե ինչի արդյունքում է հիմա Գրիգորյանը այս վիճակում»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը:

Տեսանյութեր

Լրահոս