«Փաշինյանը ժամանակավոր է. ՍԴ դատավորնե՛ր, չհանձնվե՛ք». Զարուհի Փոստանջյան
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ վերջին շրջանում նկատվող ակտիվությունը պայմանավորված է նրա ներկայացրած քաղաքական հայտով, ինչը, իհարկե, մտահոգում է Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ որպես Արթուր Վանեցյանի ակտիվության դրդապատճառ դիտարկելով նաև օրերս «Հայկական Ժամանակում» հրապարակված անանուն հոդվածն ու Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները։
«Դրանք դրդիչ պատճառներ էին, որի հիմքում ընկած է այն քաղաքականությունը, որը մտահոգում է գործող իշխանության առաջին դեմքին և ԱԱԾ նախկին ղեկավարին»,- հավելեց Փոստանջյանը։
Վերջինս չի կիսում այն մտահոգությունները, թե խոսելու դեպքում Արթուր Վանեցյանը, հնարավոր է՝ պետական գաղտնիք բացահայտի, քանի որ համոզված է՝ նա միամիտ չէ։
«Չեմ կարծում, որ չի պատկերացնում, թե ինչն է հանդիսանում պետական գաղտնիք, բայց եթե թույլ են տրվել ապօրինություններ, ապա նա պարտավոր է հրապարակավ այդ հայտարարություններն անել»,- ասաց փաստաբանը։
Դիտարկմանը, թե Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայկական Ժամանակում» հրապարակված անանուն հոդվածը, որտեղ խոսվում էր Փաշինյանի ընտանիքի դեմ հակաքարոզչություն իրականացնելուց, բայց ոչ, ասենք, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությունը, թե Արթուր Վանեցյանը պաշտոնից հեռացվել է, որովհետև փորձ է արել պետական հեղաշրջման, Զարուհի Փոստանջյանն այսպես արձագանքեց. «Այդ մոտեցումը խտրական է, որովհետև թե՛ անանուն հոդվածի, թե՛ այդ անձի ասածի պարագայում պետք է իրավապահ մարմինները գործողություններ իրականացնեին. օրինակ՝ հրավիրեին իրենց մոտ ու ստանային բացատրություններ ասածների վերաբերյալ. իրավապահները պետք է գնային Հրաչյա Հակոբյանի մոտ և նրանից հասկանային՝ ի՞նչ նկատի ունի, երբ նման բան է ասում։ Պետք է կատարվեր հետաքննություն, և, եթե առկա լինեին փաստեր, հարուցվեր քրեական գործ: Բայց մենք տեսնում ենք, որ մի անանուն հոդվածի հետ կապված գործընթաց է իրականացվում, իսկ մյուս դեպքում՝ այն չկա»: Նա նշեց, որ մեր երկրում ամեն բան հնարավոր է, այդ թվում և՝ հեղաշրջում, քանի որ երկրում գործող Կառավարությունից կա դժգոհություն: Բացի այդ, բավականին խոցելի է նաև մեր պետական անվտանգության համակարգը։
Ըստ Փոստանջյանի՝ ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ բոլոր կարևոր գործերով իջեցվում են հրահանգներ, տրվում են հրամաններ, և եթե հրամանն այնպիսին է, որ պետք է ընթացք չտալ այս կամ այն գործին, ապա այդպես էլ արվում է։ Փոստանջյանը որպես ասվածի օրինակ՝ վկայակոչեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հաղորդումը և ՀՔԾ-ի կողմից դրան ընթացք չտալու հանգամանքը։
«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ հրամանը տրվում է գործադիրի առաջին դեմքի կողմից։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ նա խառնվում է իրավական այս կամ այն գործընթացին, չխառնվող մարդու էության մեջ չի մտնում դատարանները շրջափակելու մասին կոչերը։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ շատ լավ էլ խառնվում է, և ամեն ինչն էլ իր կողմից է ղեկավարվում»,- ասաց Փոստանջյանը։
Կարևորելով ոչ թե անձնափոխությունը, այլ համակարգերի փոփոխությունը՝ Զ. Փոստանջյանը նկատեց՝ քանի դեռ մենք չենք հասել համակարգային փոփոխությունների կառավարման, ՀՀ-ում կառավարման տրամաբանությունը չի փոխվելու։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակին՝ նա նշեց՝ քանի որ ՍԴ դատավորները պրոֆեսիոնալներ են և հասկանում են, որ ընդունված օրենքը հակասահմանադրական է, չեն գնում վաղ կենսաթոշակի։
«Եթե նրանք որոշեն օգտվել այդ թոշակից, վաղը կամ մյուս օրն այդ օրենքը չեղարկելու դեպքում կզրկվեն և՛ իրենց պաշտոնից, և՛ իրենց այդ թոշակից, դրա համար էլ դիմադրում և դիմակայում են»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Կառավարությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին՝ ընդհուպ Աննա Հակոբյանն այնտեղ ունի աշխատասենյակ, օրենսդիր իշխանությունը ևս նրանն է, հետևաբար՝ մնացել է միայն դատական համակարգը, ուստի պետք է փոխել ՍԴ դատավորներին։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն պնդմանը, թե իրենք «հազար ու մի տարբերակ» ունեն՝ ՍԴ-ում տիրող «ճգնաժամը» վերացնելու համար, Զարուհի Փոստանջյանն ասաց.
«Դրանք սպառնալիք պարունակող հայտարարություններ են, բայց չեմ կարծում, որ ՍԴ դատավորներն այդքան խոցելի կլինեն։ Իհարկե, փորձում են Հրայր Թովմասյանի նկատմամբ այդ քրեական հետապնդումն առաջ տանել, բայց դա ժամանակավոր բնույթ է կրելու։ Խորհուրդ կտամ ՍԴ դատավորներին՝ մնալ ամուր և չհանձնվել. Փաշինյանը ժամանակավոր է»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում