Ո՞ր դեպքում վարորդներն անմիջապես կզրկվեն վարորդական իրավունքից, և ի՞նչ է սպառնում չկատարած խախտման մեղքն իր վրա վերցնելու դեպքում
Հունվարի 1-ից Հայաստանում գործում է Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տուգանքների նոր՝ բալային համակարգը։ Յուրաքանչյուր վարորդի այսուհետ տրվում է 9 բալ, խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն:
Վարորդներն անմիջապես կզրկվեն վարորդական իրավունքից՝ հետևյալ խախտումների դեպքում.
«Առանց թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր կամ կապույտ առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային նշաններ արձակող սարքավորումներ տեղադրելը կամ այն գծանշումները ունենալը, որոնք կատարվում են հատուկ՝ շտապօգնության, ոստիկանության, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների վրա:
Նախկին 100 հազար դրամի փոխարեն՝ կկիրառվի զրկում՝ մեկ տարի ժամկետով, այդ իրերի և առարկաների բռնագրավում կլինի: Հատուկ ձայնային ազդանշան կիրառելու դեպքում՝ ևս:
Հաջորդը, որի դեպքում նախատեսվում է վարորդական իրավունքից զրկում, առանց հաշվառման համարանիշի կամ կեղծված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոց վարելն է:
200 հազար դրամ տուգանքի փոխարեն՝ 1 տարի ժամկետով կրկին զրկում կլինի:
Դեղին գույնի՝ հասարակական տրանսպորտի վրա կիրառվող համարանիշն այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելու դեպքում կրկին 100 հազար դրամ տուգանքի փոխարեն՝ նախատեսվում է զրկում մեկ տարի ժամկետով:
Հաջորդը, երբ ոստիկանության ծառայողի կողմից տրված պահանջը չի կատարվել, նախկին 200 հազար դրամի փոխարեն՝ կլինի զրկում մեկ տարի ժամկետով:
Ինչպես նաև երթևեկության սահմանված արագությունը 81 կմժ և ավելի չափով գերազանցելու դեպքում՝ 500.000 դրամ տուգանքի փոխարեն՝ 1 տարով կզրկվեն մեքենա վարելուց:
ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելու դեպքում, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, նախատեսվում է զրկում 6 ամսով: Փոփոխվել է նաև թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցությամբ տրանսպորտային միջոց վարելու պատժի սահմանված չափը: Նախկին մեկ տարի զրկման փոխարեն՝ նախատեսվում է արդեն 2 տարի զրկում: Զննություն անցնելուց խուսափելու դեպքում՝ 200 հազար դրամ տուգանքը փոխարինվել է 2 տարի զրկմամբ:
Ինչ վերաբերում է տարածված այն խոսակցություններին, որ հնարավոր է՝ բալեր վաճառեն, Սերգեյ Ղահրամանյանը նկատեց.
«Նախկինում, ներկայում և ապագայում էլ, եթե, օրինակի համար, իմ ընկերոջը տամ մեքենան, բայց չգրանցեմ իրեն, նա խախտում անի, և տուգանքը գա իմ անունով, իրավունք ունենք երկուսով գնալ Ճանապարհային ոստիկանություն և ասել, որ ինքն է, ու նա պատասխանատվություն կրի: Սակայն, եթե պետական մարմնին խաբեն, ու չարածի համար գա, պատասխանատվություն կրի մեկ ուրիշը, ապա նախկինում եղել են դեպքեր, որ հետաքննություն է ընթացել:
Եղել է, որ անվճարունակ մարդը եկել է ու իր վրա է վերցրել վերջին տարեթվի մեքենաների արած խախտումները. պարզ է, չէ՞, որ այդտեղ անհամատեղելիություն կա: Գործեր են հարուցվել սրա հետևանքով»: