«Իրանի բուն գործողությունները տեղի են ունենալու բոլորովին այլ տիրույթում». Վարդան Ոսկանյան
«Գեներալ Սոլեյմանիի նահատակությունն ինչ-որ առումով համախմբեց Իրանը: Իրաքի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումը միանշանակորեն ողջունվեց իրանական հասարակության զանազան շերտերի կողմից: Որքան էլ պարադոքսալ թվա՝ որևէ անհանգստություն իրանական հասարակության ներսում չկա, իրանցիները պնդում են, որ իրենք պատրաստ են ցանկացած գործողության, որը, հնարավոր է՝ իրականացվի Իրանի հանդեպ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ տարբեր կառույցներ տարիներ շարունակ աշխատում են իրանական հասարակության ներսում պառակտումներ մտցնելու նպատակով, և այս գործողությունը, որի արդյունքում նահատակվեց Ղասեմ Սոլեյմանին, ըստ իրանագետի՝ բերեց նրան, որպեսզի այդ աշխատանքները ջուրը լցվեն:
Իրանագետը չի կարծում, թե Իրաքի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումը պայմանավորվածության արդյունքում է եղել. «Պարզապես Իրանը իր դաշնակից Իրաքի պետական մարմիններին զգուշացրել էր, որ իրականացնելու է հրթիռային հարձակում ԱՄՆ ռազմակայանների նկատմամբ, և, բնականաբար, իրաքյան աղբյուրներից էլ հավանաբար ԱՄՆ-ը տեղեկացված էր այդ ռազմական հարձակման մասին և տարհանել էր իր անձնակազմը:
Չնայած իրանական կողմը պնդում է, որ այդ գործողության արդյունքում սպանվել է 80 ԱՄՆ զինվորական: Բայց եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ նախագահն է խոսում այն մասին, որ ԱՄՆ զինվորականության շրջանակում սպանվածներ չկան, ապա այդ գործողությունը, պատկերավոր ասած՝ սգո հրավառություն էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման ժամանակահատվածում:
Իսկ Իրանի բուն գործողությունները տեղի են ունենալու բոլորովին այլ տիրույթում: Դա նախ և առաջ՝ վերաբերելու է Իրաքի տարածքից ԱՄՆ զորամիավորումների վերջնական դուրսբերմանը: Իրանն իր դաշնակից Իրաքի հետ գնալու է նրան, որ ԱՄՆ զորքերը ամբողջովին դուրս բերվեն այդ երկրի տարածքից: ԱՄՆ-ը ձգտելու է կրճատել իրանական ներկայությունը, իրանցիները՝ ԱՄՆ-ի ներկայությունը Մերձավոր Արևելքում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում