«Հայաստանի համար կան վտանգներ. ԱՄՆ-ի կողմից հնարավոր են ճնշումներ». Սուրեն Սարգսյան

«Թրամփի հայտարարության բովանդակությունից շատ բան է կախված: Էսկալացիայից հնարավոր կլինի խուսափել, եթե մարդկային կորուստներ չլինեն, եթե կորուստներ լինեն, ապա ԱՄՆ մարտավարությունն այնպիսին է, որ մշտապես համարժեք են պատասխանում»,- 168 TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծմանը:

Նա դժվարացավ հիշել վերջին տարիներին տեղի ունեցած մի դեպք, երբ ամերիկյան ռազմաբազան նմանատիպ հարձակման ենթարկվի. «Սա նաև ԱՄՆ պատմության մեջ բացառիկ երևույթ է: Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, օրինակ՝ ինչպես է եղել, որ չի աշխատել ամերիկյան հակաօդային պաշտպանությունը, որովհետև բոլորը հասկանում են, որ ամերիկյան բոլոր ռազմաբազաներն այս տարածաշրջանում Իրանի հրթիռների համար հասանելիության գոտում են: Այսինքն՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ հակաօդային պաշտպանությունը չաշխատեց, հրթիռները տեղ հասան, կարծես թե՝ ամերիկյան զինվորականների մահ չկա… Տեղեկություններ եղան, որ զոհեր են եղել, բայց այստեղ կարևորը հենց ամերիկացի զինվորականների մահն է, եթե ամերիկացի զինվորականներ են մահացել, նշանակում է՝ հետևանքներ սա անպայման ունենալու է»:

ԱՄՆ նախագահ Թրամփը, միջազգայնագետի խոսքով՝ այս ամենից դիվիդենտներ շահելու անհրաժեշտություն չուներ. «Վերընտրվելու խնդիր չունի, իմպիչմենթն անցած գործընթաց է, դրանով չեն կարող նրան նախագահի պաշտոնից զրկել, այսինքն՝ շատ հետաքրքիր էր, որ հենց այս պահին այս որոշումը կայացվեց: Եվ ամենակարևորը՝ Սոլեյմանին երբեք չի եղել ԱՄՆ-ի ռազմավարական թիրախը, որովհետև վերջին պահին հետախուզության միջոցով տեղեկություններ են հայտնվել, որ Սոլեյմանին գտնվում է Իրաքի տարածքում, ԱՄՆ նախագահն ԱԽ նեղ կազմով փոքր նիստ է արել, տեղում որոշում են կայացրել, որ նրան պետք է սպանել: Այս քայլից հետո Թրամփի վարկանիշի փոքր անկում է գրանցվել: Եթե փոքր շանս կա, որ Թրամփը չի վերընտրվի 2020թ., ապա այդ շանսը հենց Իրանի հետ առճակատումն է, որովհետև դա բավականին բացասական հետևանքներ կարող է ունենալ: Եթե իրավիճակի կտրուկ անկում լինի, դա բացասաբար է անդրադառնալու Թրամփի վարկանիշի վրա, և նրա վերընտրվելու հավանականությունը նվազելու է»:

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծես թե ցանկանում է դուրս գալ Մերձավոր Արևելքից. «ԱՄՆ-ի ներգրավվածությունն այստեղ բացասական է ազդում նաև ԱՄՆ-ի համար: Թրամփը բազմիցս խոսել և խոստացել է, որ Մերձավոր Արևելքից իր զորքերը դուրս է բերելու, որովհետև անիմաստ է նրանց այնտեղ գտնվելը: ԱՄՆ-ը պատրաստ է հեռանալ Մերձավոր Արևելքից: Իհարկե, ամերիկյան ռազմաբազաները կմնան»:

Հայաստանի համար, ըստ նրա՝ կան վտանգներ. «Ամենաշոշափելին տնտեսական վտանգներն են, որովհետև եթե ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ կիրառի Իրանի դեմ, իսկ դա շատ հավանական սցենար է, մասնավորապես՝ Իրանի գազային և էներգետիկ համակարգի դեմ, ավելի խորացնի պատժամիջոցները, Հայաստանը կտուժի: Հայաստանը 300 մլն դոլարի առևտրաշրջանառություն ունի Իրանի հետ, որի մոտ 80 տոկոսը հենց այս ոլորտն է: Սա, իհարկե, Հայաստանի համար չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Այս երկու պետությունների հատուկ ծառայությունները միմյանց դեմ գործողություններ են անում նաև մեր երկրի տարածքում, և երբեք չգիտես, թե ինչքան կարող են խորացնել այդ գործողությունները մեր երկրի տարածքում: Բնականաբար, սա նույնպես Հայաստանի համար վտանգավոր է: Իրանը Հայաստանի հարևանն է, և ցանկացած խնդիր այնտեղ ազդեցություն ունենալու է նաև մեզ վրա: Հակաիրանական պատժամիջոցներից մենք արդեն տուժել ենք»:

Նա նաև չբացառեց, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր են ճնշումներ Հայաստանի վրա՝ Իրանի հետ հարաբերությունների մասով. «Չեմ բացառում, որ ավելի խիստ պատժամիջոցների նպատակով մեզ ասեն՝ գիտեք՝ այդ էներգետիկ համագործակցությունն Իրանի հետ պետք է դադարեցնեք, որովհետև մենք գնում ենք ծայրահեղ ճնշումների Իրանի նկատմամբ, և եթե ունենաք այդ առևտուրն Իրանի հետ, նաև ձեր դեմ կկիրառենք այդ պատժամիջոցները: Իսկ այդ պատժամիջոցները ցանցային են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս