«Նման գործերը չեն կատարվում առանց Քննչականի և Դատախազության նախնական համաձայնության». Հովհաննես Խուդոյան
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ: Գլխավոր դատախազությունը մերժել է ԶԼՄ ներկայացուցիչների միջնորդությունը՝ կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին: Արմեն Թավադյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանին այս որոշումը չի զարմացնում, ասում է՝ ի սկզբանե պարզ էր, որ մերժելու են:
168.am-ի հարցին, թե ո՞րն էր համոզմունքի պատճառը, Խուդոյանը պատասխանեց.
«Նման գործերը, առանց Քննչականի և Դատախազության նախնական համաձայնության, չեն կատարվում սովորաբար: Սա էլ շարքային գործ չէր, որի շրջանակներում կարող էինք պատկերացնել, որ Քննչականը կարող է ինչ-որ սխալ անել, հետագայում Դատախազությունն էլ հետևի, տեսնի, որ սխալ է, ուղղի: Ի սկզբանե պարզ է, որ այս գործողությունները շատ վաղուց իրականացվում են՝ անձին հետևելը, օպերատիվ գործողություններ իրականացնելը, քննչական, դատավարական գործընթացները արագ կազմակերպելը: Հանդիպում ենք ունեցել նաև հսկող դատախազի հետ, ընդհանուր տպավորությունն այն էր, որ շաբլոն ձևակերպումներով մերժում է լինելու, ինչին և փաստաթղթում ականատես եղանք»:
Արմեն Թավադյանը ՀՔԾ բերման էր ենթարկվել դեկտեմբերի 24-ին: Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո նրան ձերբակալել էին, ապա դատարանը կալանավորման որոշում էր կայացրել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք տալու համար կաշառելու կամ հարկադրելու հատկանիշներով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է Արմեն Թավադյանը: Ավելի քան 10 օր է, ինչ Արմեն Թավադյանը, ըստ իր փաստաբանի, ապօրինի կալանքի տակ է: Հաշիվների և գույքի վրա դրված կալանքի մասին դեռ տեղեկություն չունեն, սակայն փաստաբանը կանխատեսում է.
«Փորձը հուշում է, որ այդ քայլին էլ կգնան: Ասում եմ, որ որոշակի կանխատեսում կա, քանի որ Արմեն Թավադյանի հասցեներում խուզարկությունների ընթացքում առգրավվել են ֆինանսական միջոցներ, ինչը որևէ տրամաբանություն ունենալ չի կարող և չի կարող կապվել կոնկրետ գործի հանգամանքների հետ: Դրանք այն միջոցներն էին, որը նա ներդնում էր մեդիա գործունեության մեջ, և այդտեղից էլ տպավորություն է ստեղծվում, որ թիրախավորվում է ոչ միայն Արմեն Թավադյանի հասարակական-քաղաքական գործունեությունը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարժման կազմակերպչական աշխատանքները, այլ նաև մեդիա գործունեությունը, որը, հասկանալի է՝ կարող է շատ մարդկանց համար տհաճ լինել»:
Փաստաբանը դիմելու է, որպեսզի վերադարձվեն նշված դրամական միջոցները, պնդում է՝ կայացված որոշումից պարզ կդառնա, թե ի՞նչ պատճառով են առգրավվել ֆինանսական միջոցները: Արմեն Թավադյանի հետ Հովհաննես Խուդոյանը զրուցել է 4 օր առաջ, ասում է՝ բարձր տրամադրություն ուներ, սակայն գործի մասին որևէ մեկնաբանություն չի տալիս, փոխարենը՝ փաստաբանն առաջարկում է փոքր մտավարժանք անել՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվել.
«Այն անձը, որը, ենթադրվում է, որ անձամբ գնացել և որոշակի անձանց համոզել է, ճնշել, կաշառել է, հիմա ազատության մեջ է, այդ նույն անձի միակ ցուցմունքի հիման վրա Արմեն Թավադյանն այժմ կալանավորված է: Այստեղ յուրաքանչյուրը կարող է գնահատել, թե ի՞նչ է կատարվել»:
Այսօր Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարան է բողոքարկել ձերբակալման և կալանքի որոշումները: Պնդում է, որ եթե տեխնիկական խնդիրներ չլինեն, դատական նիստը կլինի առաջիկա շաբաթվա կեսին: Դատախազության բակում հավաքված էին նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցները: