Ռազմիկ Դավոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորանքի ու իր հասցեին հնչող քննադատության մասին

Բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձ էր տեղադրել, որում, մասնավորապես, ասված է.

«Ձեզ հասցեագրված Ամանորի և Ս.Ծննդյան շնորհավորանքի իմ այս շատ կարճ խոսքի մեջ սա ասում եմ՝ լավ իմանալով, որ ասելիքս ինձանից լավ գիտեք: Գիտեք նաև, որ երկար հակված չի կարող մնալ սեփական սխալը գիտակցող ժողովրդի գլուխը, և վստահեցնում եմ Ձեզ, որ այսօր իսկ հայացքը շրջել է Ձեր և Ձեզ նման սակավաթիվ մարդկանց կողմը, ովքեր կարող են և պիտի ավերողների ավերածը վերաշինեն, խաբկանքի գայթակղության ամոթը սրբեն երեսից: Ամեն տառապանք պետք է իր հատուցումը ստանա, ամեն սուտ ու կեղծիք ստանա իր արժանի պատիժը»:

Բանաստեղծի այս շնորհավորական մաղթանքը ֆեյսբուքյան տիրույթում քննարկումների առիթ է դարձել, ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք Ռազմիկ Դավոյանին նույնիսկ «դավաճան» են անվանել։

168.am-ի հետ  զրույցում Ռազմիկ Դավոյանն ասաց, որ չի վախենում իր հասցեին արված որևէ անհիմն, ուղղորդված քննադատությունից, ավելին՝ չի էլ հետևում դրանց։

«Ես արդեն վաղուց եմ վիրավորված մեր ճակատագրի վրա խաղացողներից, այդ պատճառով էլ, թե ինչ կգրեն, կվիրավորե՞ն Ֆեյսբուքում՝ ինձ չի հետաքրքրում։ Կրկնում եմ՝ վիրավորված եմ մեր ճակատագրի վրա խաղացողներից, իսկ նրանք և՛ գործող իշխանություններն են, և՛ արտաքին խաղացողները։ Դա է պատճառը, որ պատրաստում եմ մի հայեցակարգ, որ այն մարդիկ, որոնք, եթե ցանկանում են ունենալ իրական հայկական պետություն, օգտվեն իմ այդ հայեցակարգ-ռազմավարությունից։ Դրա վրա եմ աշխատում, իսկ այդ շնորհավորանքի հետ կապված վիրավորանքներին էլ չեմ ցանկանում արձագանքել։ Ես այդ Ֆեյսբուք կոչվածն աղբանոց եմ համարում, որտեղ գործում են առնետներ՝ ուղղորդված»,- ասաց  Ռազմիկ Դավոյանը։

Նշենք, որ Ռազմիկ Դավոյանի շնորհավորանքը՝ խիստ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նաև ֆեյսբուքյան օգտատեր Արայիկ Հովհաննիսյանը, որի աշխատավայրը նշված է ՀՀ Կառավարությունը՝ որպես ՀՀ վարչապետին աջակցող վերահսկող նախաձեռնության անդամ։

Նկատենք, որ սույն օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ վերջինս Փաշինյանի մոլի երկրպագուն է. օրինակ, նա իր գրառումներից մեկում նշել է՝ ով Նիկոլ Փաշինյանին դեմ է, ուրեմն դեմ է հայ ժողովրդին։

Տեսանյութեր

Լրահոս