«Նա ո՞վ է, որ քննի Արցախի հերոսների անցյալի ու ներկայի գործերը, նա ի՞նչ կապ ունի ընդհանրապես Արցախի հետ». Գևորգ Պետրոսյան

Երեկ սոցցանցային, հատկապես՝ իշխանական և մերձիշխանական տիրույթը փոթորկվել էր այն փաստից, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը բարձրագույն իշխանության այլ ներկայացուցիչների կողքին մասնակցել է Սուրբծննդյան պատարագին:

Այդ իրողությունը հատկապես ցավոտ էր տարել Ազգային ժողովի՝ արդեն իսկ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով ֆեյսբուքյան իր էջում՝ մեջբերում կատարելով ՍԴ նախագահի մի հարցազրույցից, մասնավորապես գրել էր.

«…Այսօր սույն անձը երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողքին նստած մասնակցում էր Սուրբծննդյան պատարագին»:

Վերջինիս գործընկերոջը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, 168.am-ը խնդրեց մեկնաբանել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում Հրայր Թովմասյանի՝ պատարագին մասնակցելու փաստը և Արման Բաբաջանյանի արձագանքն այդ առիթով:

«Իհարկե, պետք է մասնակցեր: Դա սահմանված արարողակարգն է պահանջում: Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցված չեն, ու նա պետք է մասնակցեր այդ պատարագին այնպես, ինչպես մասնակցում էին մյուս պաշտոնյաները՝ իրավապահ կառույցների ղեկավարները, ԱԺ նախագահը՝ որպես օրենսդիր մարմինի ղեկավար, վարչապետը և այլք»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ սա առաջին անգամը չէ, որ ՍԴ նախագահը մասնակցում է պատարագին, դա եղել է միշտ, և անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է այս անգամ բացառություն լիներ:

ԱԺ պատգամավորը կարծում է, որ Արման Բաբաջանյանն իր մասին հիշեցնելու նպատակով հերթական անգամ զարմանք է հարուցում հանրության շրջանում:

«Ես խորհուրդ կտայի, որ, եթե ինքն ուզում է իր մասին հիշեցնել, գոնե թող օրենքները կարդալուց հետո փորձի դա անել, այլ ոչ թե առանց օրենքների իմացության, առանց դրանց դրույթներին տիրապետելու՝ ընդամենը սրան-նրան վարկաբեկող հայտարարություններ հեղինակի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Վերջինս շեշտում է, որ ՍԴ նախագահի մասնակցությունը պատարագին արարողակարգի պահանջ է, և Հրայր Թովմասյանը, անկախ իր նկատմամբ եղած ճնշումներից, վարվող քաղաքականությունից, ի պաշտոնե իրավունք ուներ մասնակցել այդ միջոցառմանը, և Հրայր Թովմասյանից առաջ էլ ՍԴ նախագահը մասնակցել է նմանօրինակ միջոցառումների:

Մեր հարցին, թե ի՞նչ արձագանք կլիներ, եթե Հրայր Թովմասյանը չմասնակցեր պատարագին, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ նրա չմասնակցելը կարող էր տարբեր գնահատականների արժանանալ՝ սկսած նրանից, որ նա փոքրոգություն է դրսևորել և իր նկատմամբ եղած ճնշումներից «վիրավորված»՝ բոյկոտել է այդ միջոցառումը:

«Բայց Հրայր Թովմասյանն այդ խելքին չէ, որ նման ձևվով վարվեր: Ես նորից եմ ասում, այստեղ իր անձի խնդիրը չէ, այլ զուտ արարողակարգի, և Հրայր Թովմասյանը, իմ խորին համոզմամբ, ճիշտ է արել, որ պահպանել է արարողակարգը և հարգել այդ միջոցառումն իր անձնական մասնակցությամբ»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը:

ԱԺ պատգամավորին հարցրինք նաև իր ֆեյսբուքյան էջում կատարած այն գրառման շարժառիթից, որում վերջինս իր տարակուսանքն էր հայտնել, թե «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն ի՞նչ կապ ունի Արցախի խնդիրների հետ, ու ո՞վ է նա, որ քննի Արցախի հերոսների հարցերը՝ նկատի ունենալով վերջինիս գրառումը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Արշավիր Ղարամյանի մասին, որին հետո հետևել էր մեկ այլ, հերքող գրառում:

«Զարմանքս ու տարակուսանքս գնալով ավելանում է, որովհետև մարդն իրավունք ունի խոսել մի երևույթի, մի համակարգի մասին, որի հետ գոնե մի աննշան աղերս ունեցել է: Հիմա եթե ես խոսեմ տիեզերագնացության մասին, դա որքանո՞վ ընկալելի կլինի: Նա ո՞վ է, որ քննի Արցախի հերոսների անցյալի ու ներկայի գործերը: Նա ի՞նչ կապ ունի ընդհանրապես Արցախի հետ: Նա Արցախի բնակավայրերի կոնկրետ անվանումները գիտի՞, գիտի՞, թե Արցախում ինչ զորամասեր կան: Նա ոչնչից տեղյակ չէ: Ամո՛թ է: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե նրան ինչո՞ւ են ներգրավել այս գործընթացում»,- իր վրդովմունքը հայտնեց Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ, եթե հանկարծ ճիշտ լինեն այն ասեկոսեները, որ այստեղ նույնպես «Սորոս պապիկի» մատը խառն է», ուրեմն շատ վատ է մեզ համար:

ԱԺ պատգամավորը նշում է, որ ինքն անձը վիրավորելու նպատակ չունի:

«Ինքը ժամանակին հասցրել է իրեն ահագին վիրավորել, և դրա պակասն ինքը չունի, որ հիմա ես լրացնեմ, բայց ինձ համար բացարձակ անհասկանալի է Դանիել Իոաննիսյանի կապն Արցախի խնդիրների հետ: Եթե նա իր կյանքում զենք բռնած չկա, եթե նա մարտադաշտ չի տեսել, եթե երբևէ որևէ հերոսի հետ շփում չի ունեցել՝ որպես զինվոր, նա ի՞նչ իրավունք ունի, այն էլ՝ այս պատասխանատու շրջանում, երբ նժարի վրա է դրված Արցախի խնդիրը ամենահատու կտրվածքներով, խոսել այդ հերոսների մասին: Այդ կատեգորիայի մարդն ընդհանրապես պետք է մեկուսացված լինի այդ գործընթացներին մասնակցելուց: Այսօր մենք ունենք հերոսներ, որոնք համեստաբար լռում են, հիմա իրենց փոխարեն պետք է դանիելիոաննիսյաննե՞րը խոսեն, ով իր ամբողջ կյանքը շատ հետաքրքիր մանրամասներով է անցկացրել: Ինքը հասկացավ՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով այն լուսանկարին, որում Արման Բաբաջանյանը, ձեռքերը գրպաններում, կանգնած էր զորամասում, շարված զորքի առջև, ու որի վերաբերյալ գրառում էր կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ Արման Բաբաջանյանը շատ բաների արժեքը չգիտի, այդ թվում՝ նաև բանակի, և դրա համար էլ նրանից սպասելի է, որ նա կարող է ձեռքերը գրպաններում՝ զրուցել զինվորների հետ:

«Դա՝ այն դեպքում, երբ մենք բոլորս ապրած լինելով քաղաքացիական կյանքով՝ այսօրվա մեր խաղաղության համար երախտապարտ ենք մեր բոլոր զինվորներին, այդ թվում՝ և զոհված ազատամարտիկներին, և Աստծո օգնությամբ կենդանի մնացածներին: Փոխանակ նրանց առաջ խոնարհվենք, ձեռքներս գրպաննե՞րս ենք խոսում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նա վստահ է, որ դա նշանակում է՝ այդ տեսակի մարդն ուղղակի չի հասկանում բանակի, ընդհանրապես պաշտպանության նշանակությունն ու արժեքը:

«Ինքը կարող է ձեռքերը գրպանում խոսել, պառկած, պպզած խոսել: Ամեն դիրքով էլ ինքը կարող է խոսել»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը:

168.am-ը ԱԺ պատգամավորին հարցրեց նաև, թե իր տպավորությամբ՝ արդյոք ՍԴ դատավորները կընդունե՞ն կառավարության առաջարկն ու կգրե՞ն վաղ կենսաթոշակի անցնելու դիմումները:

«Եթե չեմ սխալվում, ժամկետը երկարացվել է՝ հունվարի 31-ից հասցվելով մինչև մարտի 1-ը, բայց այստեղ խնդիրը ոչ թե 1-2 ամիսն է, այլ սկզբունքը: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ ակնկալում եմ, որ ՍԴ-ն, քանի որ, բացի մի ինքնահռչակից, բաղկացած է խելքը գլխին ու պատկառելի անցյալ ունեցող մարդկանցից, չպետք է այդ անպատվությանն ընդառաջ գնա, և անկախ նրանից՝ մի ամի՞ս կտան, թե՞ 3 ամիս, պետք է այսօր արդեն հայտարարեն, որ անկախ արհեստականորեն այդ ժամկետը երկարաձգելուց, ի սկզբանե ասում են, որ այդ առաջարկը չեն ընդունելու, և վերջ»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը հավանական է համարում, որ եթե մինչև մարտի 1-ն էլ այս հարցում իշխանությունները հաջողություն չգրանցեն, կարող են էլի երկարացնել ժամկետը, ասենք՝ մինչև հունիսի 1-ը, ու էլի հետապնդումների ենթարկեն ՍԴ դատավորներին:

«Դրա համար էլ ես խորհուրդ եմ տալիս ՍԴ դատավորներին, չնայած չեմ սիրում առհասարակ խորհուրդ տալ, հատկապես ինձնից տարիքով ավագ ընկերներին, բայց թող այս պահին հայտարարեն, որ անկախ նրանից, թե քանի անգամ կերկարացնեն այդ ժամկետը, իրենք մեկընդմիշտ հրաժարվում են այդ առաջարկից»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս