«Ի սկզբանե աշխարհը մերժեց Աստծուն՝ դեռ չծնված. հիմա պետք է մեր սխալը շտկենք». Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ Սուրբ Ծնունդի խորհրդի մասին

168 TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է կաթոլիկ աշխարհը Սուրբ Ծնունդը նշում դեկտեմբերի 25-ին, իսկ Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է հունվարի 6-ին:

«Մենք պարզապես պահեցինք առաջին դարից մեզ ավանդված կարգը, որը հստակ էր մեզ համար՝ հունվարի 6-ին նշել Սուրբ Ծնունդը: Հայ եկեղեցին չփոխեց առաքելական շրջանից հաստատված այս ավանդույթը: Այստեղ տարբերությունն ավելի շատ հաշվարկների մեջ է. և՛ կաթոլիկ եկեղեցին ունի իր բացատրությունը, թե ինչու դեկտեմբերի 25, իսկ մեր պարագայում հստակ է, որ ըստ ավանդույթի՝ Հակոբոս Տեառնեղբայրը (որը Քրիստոսի զարմիկներից մեկն էր և որը հետո նաև դարձավ Քրիստոսի հետևորդն ու քրիստոնեության մեծագույն քարոզիչներից մեկը և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը) Հովսեփ Աստվածահորից տեղեկացել է, թե երբ է ծնվել Քրոստոս, և այդ օրը հունվարի 6-ն է»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ կաթոլիկ աշխարհը սկսեց տոնը նշել դեկտեմբերի 25-ին:

«Քաղկեդոնի ժողովով հաստատվեց այդ կարգը՝ Սուրբ Ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին, մանավանդ, երբ Երուսաղեմում մեկ օրվա մեջ հնարավոր չէր գնալ Բեթղեհեմ՝ Ծննդյան քարայրում նշել Սուրբ Ծնունդը, և հետո գնալ Հորդանան և այնտեղ նշել Աստվածհայտնությունը՝ Քրիստոսի մկրտությունը: Մենք ինչպես գիտենք՝ Քրիստոս ծնվեց հունվարի 6-ին, և 30 տարի հետո հունվարի 6-ին էլ Հորդանան գետում մկրտվեց: Այս երկու կարևոր տոները մեկ օրվա մեջ նշելու անհարմարության պատճառով բաժանվեցին, և Սուրբ Ծնունդը տեղափոխվեց դեկտեմբերի 25, իսկ Քրիստոսի մկրտությունը նշում են հունվարի 6-ին»,- ի պատասխան՝ ասաց քահանան:

Սուրբ Ծնունդը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, և Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ Ճրագալույցի պատարագը Սուրբծննդյան նախատոնակն է, որով սկսվում են սուրբծննդյան տոնակատարությունները. «Ճրագալույց ենք կոչում՝ ճրագները վառելու, լուսավորելու համար, որպեսզի իրականացվի արարողությունը եկեղեցում: Բայց նաև այդ լույսն աստվածային լույսի խորհուրդն ունի: Մեզնում Ճրագալույցի Պատարագի ավարտից հետո յուրաքանչյուր հավատացյալ եկեղեցուց լույս է տանում իր տուն՝ այդ լույսի մեջ տեսնելով Քրիստոսի հոգևոր և իմացական լույսի խորհուրդը»:

Քահանան նկատեց՝ Սուրբծննդյան քարայրը միշտ պատկերացնում ենք հեքիաթային տեսքով, հատկապես՝ սրբապատկերների մեջ, բայց այդ պատկերի մեջ, ըստ նրա՝ կա նաև ողբերգություն. «Ինչո՞ւ Քրիստոս քարայրում ծնվեց, որովհետև աշխարհը մերժեց: Կարծում եք՝ Հովսեփը չէ՞ր ցանկանում, որ իր կինը՝ Մարիամը, տաքուկ մի անկյունում ունենար իր երեխային, բայց Բեթղեհեմում չգտնվեց այդպիսի տաք անկյուն. հղի կնոջը Բեթղեհեմում ոչ ոք չխղճաց և տեղ չտվեց: Ստիպված գնացին քարայր: Այսինքն՝ ամբողջ ողբերգությունն այն է, որ ի սկզբանե աշխարհը մերժեց Աստծուն՝ դեռ չծնված, և հիմա մեր ամբողջ սուրբծննդյան տոնակատարությունների կարևորությունն այն է, որ մենք այս սխալը շտկենք, որ մեր սրտի, մեր հոգու տաք անկյունում ընդունենք մանուկ Հիսուսին, որ Քրիստոս ամեն տարի ծնվի ամեն մեկիս սրտում: Այդ քարայրը պետք է դառնա մեր սիրտը, որտեղ Աստված պետք է պաշտպանված լինի, որովհետև մանուկ Հիսուս անպաշտպան էր. նա Հովսեփի արդարության, Մարիամի սիրո հույսին էր, հովիվների անկեղծ հավատքի, մոգերի իմաստնության հույսին էր, այսինքն՝ սերը, արդարությունը, իմաստնությունը, հոգածությունն այն արժեքներն էին, որոնց Աստված ինքն իրեն վստահեց: Այս արժեքներով է, որ մեր մեջ հնարավոր է՝ ծնվի Քրիստոս»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս