«Մեկ շաբաթվա ընթացքում երկու ադրբեջանցի ինչպե՞ս են կարողանում հայտնվել վարչապետին այդքան մոտ». Անժելա Էլիբեգովա

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տված ադրբեջանցի «բլոգերի» վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Համացանցում հայտնվեցին «բլոգերի» լուսանկարներն ու նյութեր այն մասին, որ նա իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է: Հարցադրումներ են արվում, թե ինչպե՞ս է նա կարողացել այդքան մոտենալ Հայաստանի վարչապետին ու տալ ադրբեջանական քարոզչությանը հարմար հարցեր։

Araratnews.am-ի հետ զրույցում  վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Սխալ բան չեմ տեսնում, քանի որ մուտքն ազատ էր: Ստուգում են, որ զենք, սուր, ծակող, կտրող պարագաներ չլինեն: Կարծում եմ՝ չեն ստուգել մտնողի անձնագիրը: Եկեղեցի մուտք գործելիս անձնագրով չեն ստուգում: Ես մեծ միջադեպ չեմ տեսնում»:

Միջադեպից հետո համացանցում հայտնվեցին նաև մեկնաբանություններ, թե սա գուցե բեմադրված էր հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ասաց, որ եթե սա բեմադրված էր, ապա անիմաստ էր. «Եթե մենք ուզում էինք ցույց տալ՝ ինչպես վարչապետը պատասխանեց ադրբեջանցուն և նրան տեղը դրեց, ապա տեղեկատվական աղմուկը գնաց այլ ուղղությամբ, և բոլորը ֆիքսվեցին նրա վրա, որ ադրբեջանցին իրականում բլոգեր չէր, այլ ադրբեջանական իրավապահ կառույցի ներկայացուցիչ: Շատ արագ ֆոտոները հայտնվեցին համացանցում,  բոլորը ֆիքսվեցին նրա վրա, թե ուր էր առհասարակ նայում վարչապետի անվտանգությունը, որ ադրբեջանցին կարողացել է մտնել հայկական եկեղեցի, հասնել խոսափողին և հարց տալու հնարավորություն ստացել, և շատ քչերը ֆիքսվեցին նրա վրա, թե ինչ է իրականում ասել վարչապետը: Այս առումով՝ քարոզչական գիծը գնաց դեպի այդ անձը»:

Անժելա Էլիբեգովան նկատեց՝ եթե այդ միջադեպը եղել է միամիտ, ապա նույնպես շատ հարցեր են առաջանում. «Երկու անգամ մեկ շաբաթվա ընթացքում երկու ադրբեջանցի ինչպե՞ս են կարողանում հայտնվել վարչապետին այդքան մոտ, արդյո՞ք այդտեղ չկա անվտանգության խնդիր, որովհետև հաջորդը կարող է այլևս այդքան բարեհամբույր տրամադրված չլինել և փորձի ինչ-որ վնաս տալ: Ես կարծում եմ՝ այստեղ մտածելու տեղիք ունենք: Երկրորդ՝ ինչո՞ւ գոնե չեն հարցրել՝ ով է այդ մարդը, ուղղակի խոսափողը տվել են, և սկսել է խոսել: Այստեղ էլ եմ բացթողում տեսնում: Դա չի նշանակում, որ ադրբեջանցիների հետ պետք չէ հաղորդակցվել, բայց դա պետք է լինի հստակ այն չափանիշերով, այն ֆորմատով, որը ձեռնտու է հայկական կողմին, այլ ոչ թե ադրբեջանական հատուկ ծառայություններից ուղարկված «բլոգերը» պետք է թելադրի այդ օրակարգը: Ոչ մի կերպ չի կարելի նրանց թույլ տալ՝ ստեղծել նման իրավիճակներ ո՛չ Փարիզում, ո՛չ Միլանում, ո՛չ էլ այլ վայրում»:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի պարզաբանմանը, Էլիբեգովան նկատեց. «Լավ, ազգությունը չեն ստուգում, բայց հնարավո՞ր է մարդուն էլեմենտար ինստրուկտաժ անել՝ հարց տալուց առաջ: Եթե այդ ադրբեջանցին նախապես ներկայանար, ապա կարծում եմ՝ պարզ կլիներ՝ ով է և ինչ պրովոկացիա է փորձում իրականացնել  եկեղեցում»:

Տեսանյութեր

Լրահոս