«Հայտարարված 5 միլիոն բնակչություն ունենալը և կազմակերպված հայրենադարձությունն ո՞վ պետք է իրականացնի, «Ռյան Է՞յրը»». Նավիկ Խաչատրյան
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով, ըստ էության, «օդի տուրքից» ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին: 168.am-ն ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչի՞ համար է սա արվում. կարծիքներ կան, որ պետությունն այսպիսով կանաչ լույս է վառում միայն «Ռյան Էյրի» համար:
«Օդի տուրքը նոր ուղղությունների համար հանելը բարի նպատակ է ուղևորի համար. այն կօգնի «Ռյան Էյրին»՝ ավիատոմսի ցածր գին առաջարկելու հարցում։ Ինքս իրավաբան չեմ, տնտեսագետ եմ, բայց պետք է նշել, որ Հայաստանը կնքել է մոտ 50 միջպետական պայմանագրեր այն երկրների հետ, որոնց փոխադրողները վաղուց թռչում են դեպի Հայաստան։ Նշված պայմանագրերը գրեթե նույնն են` կնքված ICAO-ի ստանդարտներին համապատասխան։ Նրանցում գրված է մոտավորապես սա` որևէ երկրի փոխադրող չպետք է ունենա/ստանա որևէ սպասարկման սակագին ավելի ցածր արժեքով, քան մեր թռչող փոխադրողը, և երկրորդ` որևէ անուղղակի սուբսիդավորում (indirect subsidy) չի թույլատրվում։
Կա հստակ մեխանիզմ՝ ինչպես դա անել առանց պայմանագիրը խախտելու. պետք է գրավոր դիմել պայմանագրի կողմ հանդիսացող երկրին և ստանալ իր համաձայնությունը՝ մինչև որևէ սակագին կիջեցվի։ Ներկայումս Եվրոպայի մի քանի երկրներից թռչում են հայտնի փոխադրողներ` Ֆրանսիայից, Ավստրիայից, Հունաստանից, Լեհաստանից և Ռումինիայից, և նրանց համաձայնությունը նախօրոք ստանալը օդի տուրքի չեղարկման մասով, որն իր հերթին՝ իրականում բոլորին պարզ է, արվում է «Ռյան Էյրի» շուկա մուտքի համար, կարծում եմ՝ դժվար կլինի: Ինչևէ, ՔԱԿ-ի մնացած մասնագետներն ավելի լավ գիտեն»,- պարզաբանեց Նավիկ Խաչատրյանը:
Ավիացիոն խորհրդատուի խոսքով՝ ավիացիայում միշտ եղել են և կան լոուքոսթերներ, և դրանց գործունեությանը, ըստ նրա՝ ավիացիայի ոլորտի մասնագետները, նաև՝ ուղևորների զգալի հատվածը, վաղուց ծանոթ են. «Որպեսզի ավիափոխադրողների շուկայի էժան սեգմենտին գրավեն, լոուքոսթերները դիմում են մարքետինգային և գովազդային տարբեր հնարքների՝ էժան սակագին հայտարարելու համար: Բայց բնական է, որ այս բիզնեսում ուղևորին տեղափոխելու ինքնարժեքը հաշվելը ոչ ոք չի չեղարկել, որի հաշվարկն իրականում ցույց կտա, որ լոուքոսթերների ինքնարժեքը, գումարած՝ իրենց մանիպուլյացիաները՝ հավելյալ ծառայությունների դիմաց հավելյալ վճարումներով, գումարած՝ պետության/օդանավակայաների տված զեղչերը, հավասար են ստանդարտ ավիաընկերությունների ավիատոմսերի գներին։ Սա ես անցել եմ դեռևս 2008 թվականին Հռոմում անցած ուսուցման ժամանակ, որտեղ դասախոսը հենց «Ռյան Էյրի» փոխնախագահն էր»:
Նավիկ Խաչատրյանի կարծիքը լոուքոսթերների մասին հետևյալն է. «Նրանք անվերահսկելի ավիաընկերություններ են, իրենք որևէ այլ ավիաընկերության հետ չեն համագործակցում, իրենք թռչում են միայն կետից կետ, տարանցիկ փոխադրումներ չեն իրականացնում։ Ավիացիայում գործող աշխարհի հայտնի ավիաընկերությունների ալյանսների շարքում` «Sky Team», «Star Alliance» և «One World», որևէ լոուքոսթեր չկա. իրենց ոչ ոք չի վստահում։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները սեփական դրոշակակիր ավիաընկերություններում ունեն տարբեր բաժնեմասեր, սակայն լոուքոսթերներում չունեն. պետությունները նույնպես նրանց չեն վստահում։ Վերջին 3 տարում հերթով սնանկացան Եվրոպայում շահագործվող մոտ 15 լոուքոսթերներ, ինչպիսիք են` «Air Berlin»-ը, «Fly BMI»-ը, «Germania»-ն, «Cobalt Air»-ը, «Italy&Meridiana»-ն, «Primerа Air»-ը, «Small Planet Airlines»-ը, և այլն»։
Ազգային փոխադրող չունենք, և դրա հիմնական պատճառը, ըստ Նավիկ Խաչատրյանի՝ այն է, որ կառավարությունն առաջնահերթություն չի համարում դրա ստեղծումը. «Կառավարության այս տարվա 60 էջանոց ծրագրում ընդամենը 2 նախադասություն էր հատկացված ավիացիային. առաջին, որ գործող չվերթերի հաճախականություններն ավելացվեն, և երկրորդ, որ ՔԱԿ-ն օդում էկոլոգիային հետևի։ Զարմանում եմ` հայտարարված 5 միլիոն բնակչություն ունենալը և կազմակերպված հայրենադարձությունն ո՞վ պետք է իրականացնի`«Ռյան Է՞յրը»: Մինչև կառավարությունը դեմքով չկանգնի դեպի ավիացիայի ոլորտը և այն առաջնահերթություն չհայտարարի, ոչ մի բան էլ սպասել պետք չէ»: