«Սխալ էր պետական մակարդակով հայտարարել, թե ավիատոմսը 35 եվրո է, և ազգաբնակչությանը մոլորության մեջ գցել». տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Հովսեփյան
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Leader Tour» տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Հովսեփյանն ասաց, որ ազգային ավիաընկերություն ունենալը Հայաստանի պարագայում պարզապես անհրաժեշտություն է:
«Մենք պատերազմի մշտական վտանգի առջև կանգնած երկիր ենք, մենք ունենք փակ սահմանների խնդիր, մենք չունենք առանձնապես ցամաքային հաղորդակցության լավ միջոցներ: Եթե հանկարծ, Աստված մի արասցե, Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվեն պատերազմական գործողություններ, բոլոր օտարերկրյա ավիաընկերություններն իրավունք ունեն դադարեցնել թռիչքները: Ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում նրանք կարող են հետ կանչել իրենց օդանավերը: Իրենք ապահովագրում են իրենց կապիտալը, ռիսկերը: Եթե մենք ունենանք մեր ազգային փոխադրողը, դրանից կախված չենք լինի: Իհարկե, կան ավիաընկերություններ, որոնք աշխատում են ֆորսմաժորային իրավիճակներում, բայց բնականաբար, նրանց ծառայություններն էլ մի քանի անգամ ավելի թանկ արժեն»,- ասաց Լիլիթ Հովսեփյանը՝ ընդգծելով, որ, եթե անգամ ունենանք ազգային ավիափոխադրող, որը չունի սեփական օդանավեր, այլ վերցրել է լիզինգով, նույնիսկ այդ դեպքում ֆորսմաժորային իրավիճակներում դրանք հետ կկանչվեն:
«Մենք ունենք ներուժ՝ գոնե սկզբի համար մեկ-երկու օդանավով մեր պարկը համալրելու համար: Նույն «Ռյան Էյրը» ժամանակին սկսել է մեկ 15-տեղանոց էմբրայերով, այսինքն՝ ՀՀ-ն իրեն չի՞ կարող թույլ տալ ազգային ավիափոխադրող ստեղծել՝ թեկուզ մեկ փոքր ինքնաթիռով: Ընդամենը ցանկություն է պետք»,- ասաց Հովսեփյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում տեղական փոխադրողները չունեն պետության աջակցությունը, չունեն որևէ արտոնություններ, չունեն ֆինանսական հավելյալ ներդրումներ կամ ռիսկերի ապահովագրություն, և ըստ նրա՝ չեն կարող մրցակցել օտարերկրյա ավիաընկերությունների հետ.
«Եթե ունենանք ազգային փոխադրող կամ տեղական փոխադրողներ, բայց որոշակի այլ պայմաններով, մրցակցությունն այլ տեսք կունենա: Բայց այս պարագայում բավականին դժվար է մի քանի օդանավով, սահմանափակ ուժերով, մեր օդանավակայանի թանկ սպասարկումը, վառելիքի գինը հաշվի առնելով՝ մրցակցել: Օրինակ՝ մենք կարո՞ղ ենք մրցակցել մեր հարևան Վրաստանի հետ: Մեր ուղևորահոսքի մեծ մասը գնում է Վրաստանով՝ ավիատոմսերի էժանության պատճառով, իսկ դա միայն ավիաընկերությունների խնդիրը չէ, այլ նաև մեր օդանավակայանի խնդիրն է: Մեր օդանավակայանի սպասարկումը բավականին թանկ արժե»:
Նրա խոսքով՝ ոլորտը չի վերահսկվում. «Ավիաընկերությունն ինչ ուզում՝ անում է, տուրիզմի ոլորտն ինչ ուզում՝ անում է, օդանավակայանը լրիվ առանձին պետություն է՝ պետության մեջ»:
Ինչ վերաբերում է «Ռյան Էյրի» մուտքին, ապա Լիլիթ Հովսեփյանը կարծում է, որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվելու. «Հիմա դեռ քայլեր չեն ձեռնարկվում, որովհետև բոլորը սպասում են, շատերը նույնիսկ չեն հավատում, որ «Ռյան Էյրն» այնուամենայնիվ կթռչի, որովհետև փորձը ցույց է տալիս, որ բյուջետային ընկերությունները վստահելի, վերահսկելի չեն, չունեն որոշակի բիզնես պլան, հեռուն գնացող մտադրություններ, նրանք աշխատում են այսօր, այս պահին և, կոպիտ ասած՝ քանակի հաշվին: Եթե եվրոպական լոուքոսթերների փորձը նայենք, բազմաթիվ ընկերություններ արդեն սնանկ են ճանաչվել: Նույն «Ռյան Էյրն» էլ ունի ֆինանսական խնդիրներ. դեռ 2019թ. սկզբին ընկերությունը հայտարարեց 14 մլն դոլար կորստի մասին, ինչը մեծ թիվ է նույնիսկ «Ռյան Էյրի» նման խոշորագույն լոուքոսթերի համար: Ես չեմ հավատում, որ այս մի քանի ամսվա ընթացքում նրանք կարողացել են կոմպենսացնել այդ բացը»:
«Ռյան Էյրի» դեպքում, ըստ ոլորտի մասնագետի՝ ավիատոմսերը չեն լինելու այնքան էժան, որքան հայտարարվում էր սկզբում.
«Նախ՝ սխալ էր պետական մակարդակով հայտարարել, թե ավիատոմսը 35 եվրո է, և ազգաբնակչությանը մոլորության մեջ գցել: Իրականում այդ 35 եվրոն տոմսի տարիֆն է, իսկ տոմսը բաղկացած է տարիֆից, ինքնարժեքից, որին գումարվում են որոշակի հարկեր՝ ավիաընկերության հարկերը, օդանավակայանի հարկերը, ընդունող երկրի հարկերը, և այլն: Ընդ որում՝ «Ռյան Էյրի» դեպքում չկա որևէ սպասարկում, ուղեբեռի հնարավորություն, պետք է պարտադիր օնլայն check-in արվի, որովհետև կարող ես տոմսը ձեռքիդ հասնել օդանավակայան, և պարզվի, որ քո տեղը վերավաճառել են: Ամեն ինչը հավելյալ վճար է այս ավիաընկերության դեպքում»:
Բյուջետային ավիաընկերության միակ առավելությունը, Հովսեփյանի խոսքով՝ այն է, որ կարելի է մեկ վայրից մյուսը մեկնել ուղիղ թռիչքով, այլ ոչ՝ տարանցիկ. «Բայց մենք՝ ոլորտի ներկայացուցիչներս, կասկածում ենք, որ «Ռյան Էյրի» աշխատանքը երկար կտևի Հայաստանում: Իրենց դեպքում կարող են տոմսերը վաճառված լինել, բայց հանկարծ դադարեցնեն թռիչքները: Իսկ նման պարագայում գումարների հետվերադարձն արդեն հեքիաթի ժանրից է»:
Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում