«Ես համաձայն չեմ Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ. նրա հեռացման հարցը չի կարող դրվել». Լարիսա Ալավերդյան

«Իշխող քաղաքական ուժն է Հանրային խորհրդի և Վազգեն Մանուկյանի շուրջ այդ վիճակը ստեղծում: Ավելի քան պարզ պետք է լինի բոլորին, որ դա արհեստածին մի բան է, որն արձագանք է Վազգեն Մանուկյանի՝ որպես անկախ, մտածող քաղաքական, հասարակական գործչի գործունեությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա ընդգծեց, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հեռացման հարցը չի կարող դրվել.

«Ավելին, ես համաձայն չեմ պարոն Մանուկյանի այն հայտարարության հետ, որ, եթե հանկարծ օրվա վարչապետի կողմից իրեն առաջարկվի, ինքը կընդունի և դուրս կգա: Ես չեմ հասկանում այդպիսի հայտարարությունները, ինչի մասին արդեն տեղեկացրել եմ պարոն Մանուկյանին: Խոսքն անձի, տվյալ դեպքում՝ Վազգեն Մանուկյանի մասին չէ, այլ Հանրային խորհրդի մասին է, որը սահմանադրական հաստատություն է, և այս առումով ես համաձայն չեմ պարոն Մանուկյանի դիրքորոշման հետ»:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց. «Ներկա իշխանական ուժն ամենատարբեր գործիքակազմն օգտագործելով՝ ուզում է բոլոր հաստատություններում ունենալ զուտ այն անձանց, ովքեր չեն ուզում քննադատաբար մտածել և դրանով իսկ տապալում են իշխանություններին»:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր. «Կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ: Քանի որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, և Հանրային խորհրդի նախագահին առաջադրում է վարչապետը, ինչը հաստատվում է կառավարության կողմից, բնական է, որ, եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի և դուրս կգամ Հանրային խորհրդից: Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը դա նախաձեռնի»:

Տեսանյութեր

Լրահոս