
Հարուցվել է քրգործ՝ Դավիթ Սանասարյանից գումար շորթելու մասին հրապարակման հիման վրա

ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարկման հիման վրա հարուցվել է քրեական գործ։
168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դատախազությունը քրեադատավարական կարգով ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ուղարկել լրատվամիջոցներում հրապարակված «Սանասարյանը երեխայի ծնողներին մեղադրում է շանտաժի մեջ» վերտառությամբ նյութը: Դրա հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին վրաերթի է ենթարկել անչափահաս Ա.Ղ.-ին, որի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դավիթ Սանասարյանից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին»,-նշեց Խաչատրյանը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ