«Նիկոլ Փաշինյանին աստղայինը սկսեց տանել 2017թ. ամռանը. նա գիտեր, որ մի քանի ամսից պետք է դառնա երկրի ղեկավար». Արթուր Համբարձումյան
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ
– Պարոն Համաբարձումյան, Դուք հիմա քննադատում եք այն ուժին, որի համահիմնադիրն եք եղել, և այսօրվա իշխանություններին: Նիկոլ Փաշինյանին տրված Ձեր գնահատականները վիրավորանքի՞ց են, վիրավորվա՞ծ եք նրանից:
– Ինձ համար շատ հեշտ է այս հարցին պատասխանելը, որովհետև իմ քննադատությունը եղել է ոչ թե կաբինետների ներսում, այլ հրապարակային, և դրա մասին կան բազմաթիվ տեսանյութեր: Այդ քննադատությունը սկսվել և սրվել է 2017թ. վերջին, երբ այն ուժը, որը միասին հիմնադրեցինք, որոշեց, որ պետք է ազատվի ինձանից, և երբ չստացվեց, որոշեց, որ պետք է իմ ղեկավարած կառույցը լուծարվի:
– Ինչո՞ւ սկսվեց այդ ամենը:
– Քաղաքական տարաձայնություններ կային որոշակի հարցերի վերաբերյալ, անձնական որևէ բան չի եղել: Այդ ամենի արդյունքում մենք հասանք այս վիճակին:
– Հնարավոր չէ՞ր Փաշինյանի հետ առանձին խոսել այդ բոլոր խնդիրների շուրջ, գալ ընդհանուր հայտարարի և այդ ամենը չհանրայնացնել:
– Այստեղ հարցն այն է, որ, եթե խնդիրը քաղաքական է, այլ ոչ՝ ներանձնային, դա վերաբերում է քաղաքացիներին, ուրեմն՝ այդ մասին քաղաքացիները պետք է իմանան: Այսինքն՝ երբ ես մասնակցում եմ 2017թ. պառլամենտական ընտրություններին և հանդես եմ գալիս մի հռետորաբանությամբ, և 4-5 ամիս հետո այս մարդիկ կատարում են դրա հակառակը, այս մասին պետք է իմանա քաղաքացին:
– Ձեր կարծիքով՝ Դուք լա՞վ եք ճանաչում Նիկոլ Փաշինյանին:
– Բավականին:
– Դուք չգիտեի՞ք՝ ինչպիսին է նրա արժեհամակարգը, երբ կուսակցություն էիք հիմնադրում նրա հետ:
– Երբ կուսակցությունը հիմնադրում էինք, այդտեղ կային բազմաթիվ մարդիկ, և ինձ հարցնում էին՝ դուք վստահո՞ւմ եք այդ մարդուն կամ այն մյուսին: Երբ անհատը մտնում է քաղաքական կուսակցության մեջ, վստահ է իր վրա, գիտի, որ իր խղճին, համոզմունքներին հակառակ քայլեր չի անելու, այդ հարցը երկրորդական է դառնում մարդու համար: Երբ գիտես, որ պետք է կատարես տվյալ մարդու հանձնարարությունները, այդ հարցը դառնում է արդիական: Այնպես որ, ճանաչե՞լ եմ ես արդյոք Նիկոլ Փաշինյանին, Արսեն Խառատյանին, Սասուն Միքայելյանին կամ այլոց, այդ հարցը եղել է երկրորդական:
– Այսինքն՝ գաղափար է եղել, որի շուրջ համախմբվե՞լ եք:
– Մեզ բոլորիս միավորում էր այն գաղափարը, որ ՀՀ-ին անհրաժեշտ են ռադիկալ փոփոխություններ, որ ՀՀ-ն կառավարվել է, մեղմ ասած՝ ոչ արդյունավետ, և մեզ պետք են փոփոխություններ: Այդ փոփոխությունների ճանապարհն ամեն մարդ իր պրիզմայով էր տեսնում, և մենք փորձում էինք այդ քաղաքական բախումների արդյունքում հղկել ինքներս մեզ, մեր դիրքորոշումը, և այդպես կուսակցությունն առաջ տանել: Ես մինչև հիմա մտածում եմ, որ այն գաղափարական խնդիրները, որոնք եղել են, այնուամենայնիվ, ուժեղացրել են կուսակցությունը, և ոչ թե՝ թուլացրել այն:
– Այդ ուժը չարե՞ց արմատական փոփոխություն, Հայաստանում հեղափոխություն տեղի չունեցա՞վ:
– Նախ՝ հեղափոխություն չի եղել, եղել է իշխանափոխություն կամ իշխանության հանձնում՝ մեկ ուժից մեկ այլ ուժին: ՀՀ-ում որևէ ռեֆորմ տեղի չի ունեցել, որևէ ռադիկալ փոփոխություն տեղի չի ունեցել:
– Ձեր կարծիքով՝ եթե այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը գար իշխանության, երբ հիմնադրում էիք կուսակցությունը, ի՞նչ պետք է աներ, այս նույն բանե՞րը չէր անելու:
– Եթե Նիկոլ Փաշինյանը գար իշխանության ընտրությունների միջոցով, մենք կունենայինք հիմա բացարձակապես այլ իրավիճակ, որովհետև եթե ընտրությունների միջոցով տեղի է ունենում իշխանափոխություն, և ողջ կուսակցությունը մասնակցում է դրան, այն հակակշիռները, որոնք կային կուսակցությունում, իրենք որոշակիորեն պահպանվում են: Բայց քանի որ այս ամենը հասարակությանը հրամցվեց՝ որպես հեղափոխություն, և Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ գեներացվեցին ողջ պրոցեսները, մեղմ ասած՝ մեր նախկին կուսակցին աստղայինը տարավ:
– Դուք նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանին «աստղայինը տարել է», այսինքն՝ դա եղել է Ձեր ասած՝ իշխանափոխությունից հետո՞, թե՞ առաջ:
– Իրեն աստղայինը սկսեց տանել 2017թ. հուլիս-օգոստոս ամիսներին, և ինչքան մոտենում էր 2018թ. ապրիլը, այդքան նա ավելի շատ էր սկսում չլսել կողքինների կարծիքները:
– Ինչո՞վ էր դա պայմանավորված:
– Ես կարծում եմ՝ իր քաղաքական կարգավիճակն էր փոխվել՝ սովորական պատգամավորից դարձել էր «Ելք» խմբակցության ղեկավար, և այդ փոփոխությունն անդրադարձավ նաև իր քաղաքական վարքագծի վրա: Բացի դրանից, մոտենում էր իշխանափոխության ժամանակը, և վստահ եմ, որ այդ ժամանակվանից ինքը գիտեր, որ մի քանի ամսից ինքը պետք է դառնա երկրի ղեկավար կամ ղեկավարներից մեկը:
– Ինչպե՞ս գիտեր դա, այսինքն՝ պայմանավորվածությո՞ւն է եղել:
– Ուղղակի քաղաքական պրոցեսները վերլուծելով՝ կարծում եմ, որ եղել են որոշակի պայմանավորվածություններ:
– Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև:
-Նեո-հանրապետական գվարդիայի ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև:
Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում