«Վայոց ձորի նորանշանակ մարզպետն էլ նախկին մարզպետի և իր օգնականի թիմից է». պահեստազորի սպա

«Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանի կարծիքով` իշխանական բոլոր լծակներն օգտագործվում են ՊՆ սպա Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու  գործի օբյեկտիվ հանգամանքները ծածկելու ու քողարկելու համար: 168.am-ի հետ զրույցում Գևորգ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշմամբ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական  Հարություն Գրիգորյանի փաստաբանին Վայոց ձորի մարզպետ նշանակելուն՝ ասաց նաև. 

«Սա ազդելու է գործի քննության վրա: Ի՞նչ է նշանակում՝ մարզպետ նշանակել այն մարդուն, ով համարվում է այս գործով պաշտպանության ենթակա կողմերից մեկի շահերի ներկայացուցիչ: Այսինքն՝ այս երկրում ուրիշ մարդ էլ չկա՞, ոնց պտտվում ենք՝ իրենց շրջապատից է պաշտոնին նշանակվողը: Ես հակված եմ մտածել, որ դա հատուկ է արվում, ինչպես դա արվում է ցանկացած դեպքում, ներկայիս իշխանության պարագայում, համոզված եմ՝ իրենք ամեն ինչ անելու են, որ չբացահայտվի իրականությունը»:

Գևորգ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝  սպային ծեծելու գործը դեռ նախաքննության փուլում է, սակայն այդ գործընթացն էլ իրեն վստահություն չի ներշնչում:

«Մենք ունենք փաստեր, որոնք կներկայացնենք նախաքննության ավարտից հետո, քանի որ, եթե հիմա ներկայացնենք, կասեն՝ խոչընդոտում եք արդար քննությանը: Այդ ժամանակ կպարզվի, որ ապարատը (քննչական մարմին,- Ա.Հ.) այլ ուղղությամբ է գնացել, չի արել այն, ինչ պետք է աներ հանգամանքները լիարժեք հետազոտելու համար, դրա արդյունքում  որոշ մարդիկ կխուսափեն պատասխանատվությունից»,- ասաց  Գևորգ Հովհաննիսյանը:

Նա նաև վստահեցնում է՝ Վայոց ձորի մարզպետ նշանակված Արարատ Գրիգորյանն էլ Տրդատ Սարգսյանի և իր խորհրդականի թիմից է: Նախկին սպան արժանահավատ չի համարում Արարատ Գրիգորյանի այն պնդումը, թե իր և Տրդատ Սարգսյանի միջև գործնական հարաբերություններ են:

«Եթե նա իրենց  թիմից չլիներ, նրան չէին վստահի քաղաքական  երանգներ ունեցող գործով շահերի պաշտպանությունը, եթե իրենց մեջ չլիներ փոխադարձ վստահություն, ապա ինքը չէր ընտրվի՝  որպես փաստաբան, այլ մեկ ուրիշը, եթե իրեն են  ընտրել, ուրեմն անձնական վստահության, փոխհամագործակցության, փոխհամաձայնության գործոններ են եղել: Հետևաբար՝ ոնց պտտվում ենք՝
«քայլողների իշխանությունն» է:

Մտածո՞ւմ են՝ դրա հետևանքները, դրա գնահատականները հասարակության կողմից ինչպիսին են լինելու, իրենց նպատակը դեպքերի լիարժեք կոծկումն է, և այս պահին ես չեմ վստահում որևէ իշխանավորի»:

Պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը, որը ևս դեպքի հենց առաջին օրվանից Մխիթարյանների ընտանիքի կողքին է, մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե Արարատ Գրիգորյանը կազդի նախաքննության վրա:

«Ամեն դեպքում շահագրգիռ կողմ է, բայց չեմ կարծում, որ կազդի»:

Մենք կապ հաստատեցինք նաև ծեծված սպա Արա Մխիթարյանի հոր՝ Սամվել Մխիթարյանի հետ, որն ասաց, որ լուրը նոր է ստացել, հիմա մեկնաբանել չի ուզում:
Նա նաև հավելեց, որ սպայի վիճակը շարունակում է ծանր մնալ,  դեռ կոմայի մեջ է:

Հիշեցնենք՝ Կառավարության այսօրվա որոշմամբ Վայոց ձորի մարզպետ նշանակված Արարատ Գրիգորյանը փոխարինեց նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին, որի անունը կապվում է սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպի հետ: Մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել ՊՆ սպա Արա Մխիթարյանին, ինչից հետո նա տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Թեև Տրդատ Սարգսյանը հերքել էր, որ որևէ առնչություն ունի դեպքի հետ, այդուհանդերձ հրաժարական տվեց։ ՊՆ սպային ծեծելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու հոգու:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս